Բեռլինում Էրդողանի վարած քաղաքականության դեմ զանգվածային ցույց է տեղի ունեցել

21:43 • 31.10.12

Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության դեմ, հաղորդում է Berliner Umschau պարբերականը՝ նշելով, որ Թուրքիայի վարչապետը ժամանել էր Գերմանիա Թուրքիայի՝ աշխարհում ամենամեծ դեսպանատան բացմանը, ինչպես նաև ԳԴՀ-ի կանցլերի հետ բանակցությունների համար:


Ըստ տարբեր գնահատականների՝ ցույցերին մասնակցել է 2,5-3 հազար մարդ:
Ցուցարարները Էրդողանին մեղադրել են նրանում, որ նա Թուրքիան հեռացնում է ժողովրդավարական ուղղուց, ճնշում է խոսքի ազատությունը և քաղաքացիական այլ իրավունքները:
 

Նրանցից շատերը Թուրքիայի վարչապետին «ֆաշիստ» էին անվանում: Նրան էր նաև վերագրվում պատասխանատվությունը Գերմանիայում բնակություն հաստատած թուրքերի՝ գերմանական հասարակությանը ինտեգրվելու անկարողության համար:

Բացի այդ, ցուցարարները բողոքել են Էրդողանի՝ Սիրիայի հետ պատերազմ հրահրելու քաղաքականության դեմ:
 

Ցուցարարների ճնշող մեծամասնությունը Թուրքիայի կրոնական և ազգային փոքրամասնություններն էին: Հիմնականում քրդերը, հայերը (գերմանիայի հայկական խորհրդի ներկայացուցիչները) և ալավիները, որոնց միացել էին նաև գերմանական ձախ ծայրահեղական կազմակերպությունների անդամները:
 

Երեքշաբթի Էրդողանը մասնակցել էր Բեռլինում Թուրքիայի դեսպանատան բացմանը, որը այդ երկրի՝ աշխարհում ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչությունն է:
 

Այսօր Թուրքիայի վարչապետը բանակցել է Անգելա Մերկելի հետ: Էրդողանը առաջարկել է Գերմանիայի՝ թուրքական արմատներ ունեցող 3 մլն քաղաքացիներին թույլատրել ունենալ նաև Թուքիայի քաղաքացիություն, ինչը ներկայում արգելված է գերմանական օրենքներով:
 

Բացի այդ, Էրդաղանը 2023թ. անվանել է այն ծայրահեղ ժամկետը, մինչ որը Թուրքիան պետք է մտնի ԵՄ կազմի մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
 

Նա սպառնացել է, որ եթե Եվրոպական միությունը մինչ այդ Թուրքիային չընդգրկի իր կազմի մեջ, ապա Անկարան ինքը կհրաժարվի անդամակցելու հետագա քայլերից: