Ռուսաստանցի երիտասարդն առևանգել է ինքն իրեն՝ ծնողներից փրկագին ստանալու նպատակով

17:52 • 31.10.12

Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանից 17-ամյա երիտասարդը կազմակերպել է իր իսկ առևանգումը՝  ծնողներից 100 000 ռուբլի փրկագին ստանալու նպատակով, հայտնում է Вести-ն:


Հոկտեմբերի 30-ին տղայի ծնողներն անհայտ համարից SMS էին ստացել, որում ասված էր, որ նրանց որդին առևանգվել է, և նրան ողջ-առողջ հետ ստանալու համար հարկավոր է 100 000 ռուբլի փրկագին վճարել:


Եվս մեկ SMS-ից հետո երիտասարդը զանգել էր ծնողներին և ասել, թե ինքն անհայտ անձանց մոտ է և իրեն ֆիզիկական հաշվեհարդար է սպառնում:

 

Գիշերն իրավապահներին հաջողվել էր պարզել երիտասարդի և «առևանգողների» գտնվելու վայրը: Երիտասարդն ինքն իրեն «պահել» էր ընկերոջ ծնողների ամառանոցում՝ իր երկու ընկերների և նրանցից մեկի տատի հետ:

 

Հայտնի է դարձել, որ միջադեպի նախօրեին երիտասարդը նեղացել է իր ծնողներից՝ իրեն քիչ գրպանի փող տալու համար: