Բանգլադեշի մոտ փախստականների տեղափոխող նավ է խորտակվել. 133 անհետ կորած
Բանգլադեշի և Բիրմայի ծովային սահմանին փախստականների տեղափոխող նավ է խորտակվել. 133 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է Jakarta Globe-ը: Հաջողվել է ջրից դուրս բերել 6 մարդու, որոնք ասում են, թե չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել:
Խոսքը Բիրմայի (ներկայիս՝ Մյանմա) ռոհինգյա մուսուլման ազգության ներկայացուցիչների մասին է: Նավն ուղևորվում էր Մալայզիա, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլման է:
Վերջին տասնամյակներում հարյուր հազարավոր ռոհինգյաներ են փախել Բիրմայից՝ հետապնդումներից խուսափելու համար: Նրանք մուսուլմաններ են և բնակվում են Բիրմայի Ռաքհինե նահանգում, որտեղ հուլիսից ի վեր սաստկացել են մուսուլմանների և բուդդայականների բախումները:










