Ս. Կարապետյանի գրքի միջոցով Վիրահայոց թեմի առաջնորդը պետք է պայքարի Ս. Նշանի համար
«Վավերագրեր հայ ճարտարապետության» մատենաշարի հերթական գրքույկը, որը նվիրված է Թբիլիսիի Սուրբ Նշան, սուրբ Նիկողայոսի եկեղեցուն, պետք է դառնա այն զենքը, որով Վիրահայոց թեմը կռիվ տա և պետք է վրացիներից հետ պահանջի Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա աշխատելիս է եղել այդ գրքի վրա, երբ մի քանի ամիս առաջ զուգադիպությամբ իրենց գրասենյակ է այցելել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և ասել.«Վրացիները մեզ արդեն բացահայտ ասում են, որ դուք դեռ պետք է ապացուցեք, որ այդ եկեղեցին հայկական է: Եվ երբ ապացուցեցիք, խնդիր չկա, կվերադարձնենք»:
Հիշեցնենք, որ 2007 թվականին միայն պատմական հուշարձանի կարգավիճակ ստացած, աղբով լցված ու շների ու թափառականների ապաստանավայր վերածված եկեղեցին այժմ ներառված է այն վեց եկեղեցիների ցանկում, որոնք վիրահայոց թեմը պահանջում է վերադարձնել իրեն՝ որպես հայկական:
«Որ հայկական է, կարծում եմ՝ կկարողանա ապացուցել, փաստերն այնքան շատ են և հակառակ կողմը մինչև հիմա ոչինչ չի ներկայացրել, բացի էդ օդի մեջ հայտարարություններից»,- ասաց հուշարձանագետ:
Ըստ Սամվել Կարապետյանի՝ Սուրբ Նշանի վրացապատկանության մասին այս հայտարարությունները գալիս են 1837 թվականին Պ. Իոսելիանիի այն կարծիքից, թե իբր 1703 թ. հայերը եկեղեցին հիմնել են նրանից առաջ գոյություն ունեցած վրաց ուղղափառ եկեղեցու տեղում:
Սամվել Կարապետյանի խոսքով՝ «որևէ սկզբնաղբյուրով չփաստարկված Իոսելիանիի այս ինքնահնար հայտարարության վրա հետագայում կուրորեն հենվել են այլ հետազոտողներ»:
Ըստ Սամվել Կարապետյանի՝ եթե նույնիսկ այստեղ եղել էլ է ավելի հին եկեղեցի, ապա դա եղել է հայկական և հին եկեղեցու անունն էլ փոխանցվել է նորին:
Իր գրքում նա ժամանակագրական կարգով ներկայացրել է 1703 թվականից ավելի վաղ թվագրվող գրավոր և վիմագրական վկայություններ:
Դրանցից առաջինը «Խորհրդատետրն» է, որը նվիրաբերվել է Թբիլիսիի (պատմական անունը՝ Տփղիս) Սուրբ Նշան, սուրբ Նիկողայոսի եկեղեցուն, հաջորդ վկայությունները 1662 թվականից մեզ հասած արձանագրության մասերն են և նույն թվականին կերտված արձանագիր խաչքարը:
Նորահայտ այդ վիմագրերի շնորհիվ պարզվել է ոչ միայն մեկ եկեղեցու հերթական վերաշինության տարեթիվը, այլև այն իրականացրած ճարտարապետի՝ Նավասարդի անունը, ով ամենայն հավանականությամբ, նույն անձն է, ով 1655-ին կառուցել է Բոլնիս Խաչենի եկեղեցին, իսկ 1663–ին Մեծ Շուլավերի մոտ գտնվող Բնի ձորի Մեծ վանքի գլխավոր եկեղեցին:
Սուրբ Նշանի, իբրև հայկական եկեղեցու մասին հիշատակել է ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Շարդենը:
Վկայությունների շարքում առաջնային է համարվում եկեղեցու հյուսիսային մուտքի մոտ պահպանված 1703 թ. եկեղեցին հիմնադրելու և 17 տարվա ընթացքում կառուցելու մասին պատմող շինարարական արձանագրությունը, որը 13 տողով փորագրված է միմյանց կից երկու քարերի վրա:










