Սիքստինյան կապելան 500 տարեկան է (լուսանկարներ)

14:14 • 31.10.12

Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Միքելանջելոյի վրձնին պատկանող գլուխգործոցը՝ Սիքստինյան կապելան 500 տարեկան է, հայտնում է Euromag-ը։

 

Միքելանջելոյի որմնանկարած ժամատան առաստաղն աշխարհի ամենահայտնի պատկերազարդ առաստաղն է և բոլոր ժամանակների անվիճելի գլուխգործոցը։ Առաստաղի նկարազարդումն ավարտվել է 1512 թ.-ի հոկտեմբերի 31-ին՝ Բոլոր սրբերի օրը։

 

Հռոմի պապ Հուլիոս 2-րդը 1508թ.-ին պատվիրել է Միքելանջելոյին որմնազարդել կապելայի կամարները, ինչի համար պահանջվել է 4 տարի։ Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ նկարիչը կամարները նկարազարդելու համար միայնակ է աշխատել։ Սակայն որոշ ժամանակ անց խոնավության պատճառով դրանք ծածկվել են բորբոսով։ Արդյունքում վարպետը ստիպված է եղել նորից սկսել իր աշխատանքը։

 

Հայտնի է, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր երեկոյան հատուկ աղոթք կիրականացնի ՝ այդ կերպ նշելով կապելայի 500- ամյակը։

 

Նույնիսկ 500 տարի անց Սիքստինյան կապելան չի կորցրել իր գեղեցկությունը և շարունակում է զարմացնել ու հիացնել միլիոնավոր զբոսաշրջիկների։ Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեկան 5 մլն զբոսաշրջիկ է այցելում այստեղ։

 

Այցելուները հիանում են որմնանկարներով՝ միևնույն ժամանակ փչացնելով դրանք։ Բանն այն է, որ օդում եղած փոշին, մարդկանց արտաշնչած ածխաթթու գազը և մի շարք այլ գործոններ հանգեցնում են  կապելայի միրկրոկլիմայում  արմատական ու կործանարար փոփոխությունների։