Սպանվել է սիրիական Հոմս քաղաքում մնացած վերջին քրիստոնյան
Ուղղափառ քրիստոնյա Էլիաս Մանսուրը վերջին քրիստոնյան էր, ով մնացել էր պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձած՝ սիրիական Հոմս քաղաքում։ Նա այսօր սպանվել է փոխհրաձգության արդյունքում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Վատիկանի Fides գործակալությանը:
Գործակալության թղթակիցը չի կարողացել պարզել, թե ով է կրակել Մանսուրի վրա` ապստամբնե՞րը, թե՞ կառավարական զորքերը:
Հոմսի բնակիչը, ով արդեն 84 տարեկան էր, ավելի վաղ հրաժարվել էր լքել հարազատ քաղաքը և հեռանալ այլ քրիստոնյաների հետ, որոնք լքել էին քաղաքը՝ փորձելով փրկվել հաշվեհարդարներից:
Հոմսի Վադի Սայեհ փողոցում մինչ այժմ թեժ մարտեր են ընթանում: Fides-ի տվյալներով, այնտեղ կառավարական ուժերը կարողացել են ապստամբների խումբ շրջապատել, և ներկայում դրա ոչնչացման գործողություն է իրականացվում:










