Գյուլի և Էրդողանի տարաձայնությունները շարունակվում են. նրանք այսօր հանդիպելու են

15:10 • 01.11.12

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա տարաձայնությունները խորանում են։


Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, այսօր Գյուլն իր մոտ է հրավիրել Էրդողանին՝ այդ հարցերը քննարկելու համար։
 

Գյուլի և Էրդողանի տարաձայնությունների ու հակասությունների մասին բազմիցս է խոսվել։ Այս անգամ կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ Գյուլն Անկարայի նահանգապետ Ալաադին Յուքսելին հանձնարարել էր հանդուրժող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր ցանկանում են Թուրքիայի ազգային տոնը կառավարության նախատեսածից առանձին նշել: Չնայած կառավարության արգելքին՝ հոկտեմբերի 29-ին 50 000 թուրքեր Անկարայում և այլուր փորձել էին առանձին երթեր կազմակերպել տոնի առիթով:

 

Էրդողանն ի պատասխան հայտարարել էր, թե նախագահն այդ հարցում իրեն չի դիմել։ «Չգիտեմ՝ նախագահը նահանգապետին նման հանձնարարություն տվել է, թե ոչ։ Այս երկիրը երկգլխանի կառավարմամբ չենք հասցրել այստեղ։ Սրանից հետո էլ երկգլխանի կառավարմամբ ոչնչի չենք հասնի»,-ասել էր նա։


Գյուլն ի պատասխան հայտարարել էր, թե սխալ հասկանալ պետք չէ։ «Սահմանադրությունը յուրաքանչյուրիս պարտականություններն ամրագրում է։ Երկգլխանիության հարց չկա»,-ասել էր նա։


Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նրանց բախումն այսքանով չի ավարտվել, և այսօրվա հանդիպման ընթացքում այս հարցը դարձյալ օրակարգային է լինելու։