Ազգայնականներն՝ ընդդեմ սատանիստ համարվող Բայանդուր Պողոսյանի

12:17 • 01.11.12

«Ֆեյսբուքը» դարձել է օրրան, որտեղ համարձակվում են վիրավորել ու զրպարտել Հայ առաքելական եկեղեցուն, այսօր լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեցին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգևոր պատասխանատու հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, նույն կազմակերպության կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը և «Մեկ ազգ դաշինքի» համանախագահ Գոռ Թամազյանը։

 

Վերջիններս պահանջում են իրեն սատանիստ համարող Բայանդուր Պողոսյանի կողմից համակարգվող ֆեյսբուքյան «Անտի մեկ ազգ» էջի լուծարումը։

 

«Մեր գործունեությունից, երևի բոլորն էլ քաջատեղյակ են. հոգևոր ճակատում աղանդների գործունեության դեմ է ուղղված, դատապարտում ենք նաև համասեռամոլությունը, ազատ բարքերը։ Միևնույն ժամանակ, քաղաքական ճակատում գործում ենք արևմտամետ, ամերիկամետ քաղաքական ուժերի դեմ»,- ասաց Գոռ Թամազյանը՝ հավելելով, որ կառույցը գործում է նժդեհականության գաղափարներով։

 

Բայանդուր Պողոսյանը, ըստ բանախոսների, իրենց գործունեությունը որակել է «մարդասպան», իսկ իրենց՝ ֆաշիստական ու ռասիստական։

 

Ըստ Գոռ Թամազյանի՝ կա էջի մեկ այլ համակարգող ևս՝ ոմն Սևակ Կիրակոսյան, որը հարում է «Փինկ» կենտրոնին, որը զբաղվում է նաև լեսբուհիների ու գեյերի իրավունքների պաշտպանությամբ։

 

«Գրվածքը սատանիստ Բայանդուրի կողմից է, բայց էջը, եթե հերքում կամ հրապարակային ներողություն չի խնդրում, ուրեմն իրենց սրտով է եղել»,- ասաց Գոռը և հավելեց. «Մենք ինքնասեր նժդեհական կառույցներ ենք և երբեք չենք հաշտվի ինչ-որ կոսմոպոլիտ արևմտամետների հետ, որոնք փայլում են իրենց կոսմոպոլիտ բարքով»։

 

Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է Բայանդուրն ընտրել իրենց, այլ ոչ ասենք՝ իշխող «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», Գոռ Թամազյանն ասաց, որ գաղափարախոսությունը, նժդեհականությունը, ցեղակրոնության ու ազգի հավերժության գաղափարը որևէ մեկի համար չի կարող մենաշնորհ լինել։

 

«Մեկ ազգ դաշինքը» պարզվում է՝ հանդես է գալիս ոչ միայն թռուցիկներով, այլև օրենսդրական առաջարկներով։ Օրինակ՝ առաջարկել են, որպեսզի հանրաքվեի ճանապարհով Էջմիածնին տրվի հոգևոր քաղաք-պետության կարգավիճակ։