Լոնդոնում թալանել են Էմի Ուայնհաուսի տունը, տարել շուրջ $200.000–ի հագուստ

09:15 • 01.11.12

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում անհայտ անձինք թալանել են մոտ մեկ տարի առաջ մահացած հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի տունը և գողացել նրա՝ շուրջ 130.000 ֆունտ (200.000 դոլար) արժողությամբ հագուստները, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով բրիտանական The Sun-ին։


«Ինձ համար սա իսկական հարված է։ Հանցագործները հագուստներից բացի ոչինչ չեն վերցրել, չնայած տանը բազմաթիվ թանկարժեք իրեր կան։ Նրանք գիտեին, որ անկախ արժեքից, Էմիի հագուստները շատ թանկ էին մեզ համար»,- հայտարարել է երգչուհու հայրը՝ Միթչ Ուայնհաուսը։


Ընդհանուր առմամբ՝ գողացվել է երկու հագուստ, որոնք նախատեսված են եղել առաջիկայում բարեգործական նպատակներով աճուրդի հանելու համար։ Դրանցից մեկը եղել է նրա հարսանեկան զգեստը, որը հագել է 2006թ.-ին, իսկ երկրորդով ելույթ է ունեցել BBC-ի երաժշտական շոուի ժամանակ։