Փողն իսկապես կարող է երջանկացնել մարդկանց. հոլանդացի միլիոնատերեր

10:42 • 01.11.12

Հակառակ տարածված համոզման, թե «երջանկությունը փողի մեջ չէ», այն, այնուամենայնիվ, կարող է մարդկանց երջանկացնել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝  վկայակոչելով հոլանդացի միլիոնատերերի շրջանում տեղական «Վան Լանսխոտ» բանկի կատարած հարցման տվյալները։ 

 

Հարցված 257 միլիոնատերերի 86 տոկոսը հայտնել է, որ երջանիկ է, ընդ որում՝  մեծ տարիքային խմբում նրանք ավելի շատ են։

 

Կին միլիոնատերերը, ի տարբերություն տղամարդկանց, ավելի հաճախ են պատասխանել, որ երջանիկ լինելն ավելի կարևոր է, քան հարուստ լինելը։ Այնուամենայնիվ, թե նրանք, թե մյուսներն անմիջական կապ են տեսնում փողի և երջանկության միջև։

 

Համաձայն «Վան Լանսխոտ» բանկի և Նիդեռլանդների վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալների՝ միլիոնատերերը վերահսկում են երկրի մասնավոր կապիտալի 39 տոկոսը։ Նրանց միջին տարիքը 50-ն է, նրանցից միայն 6 տոկոսն է 40 տարեկանից ցածր։ Միլիոնատերերի 53 տոկոսն իր կարողության զգալի մասը վաստակել է սեփական բիզնեսի միջոցով։


Ինչպես ցույց է տվել հարցումը, Հոլանդիայի միլիոնատերերը ձգտում են վարել առողջ կենսակերպ, հետևել իրենց սննդակարգին։ Նրանց երեք քառորդը զբաղվում է սպորտով։ Այս սոցիալական խմբում ավելորդ քաշն ավելի հազվադեպ է հանդիպում, քան մյուսներում։ Նրանց ընտանիքների մեծ մասն ունի մեկ կամ երկու մեքենա. նախապատվությունը տրվում է գերմանական արտադրության մեքենաներին՝ BMW, Volkswagen և Audi: