Ի՞նչ է տվել «Ջազային քոլեջ» կոչվող բրենդը. Նադեժդա Սարգսյան

17:29 • 01.11.12

Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավար Նադեժդա Սարգսյանը միայն դրականն է տեսնում ՀՀ կառավարության որոշման մեջ՝ Երևանի մշակույթի պետական քոլեջը միավորել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, իսկ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը՝ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիային:

 

Tert.am -ի հետ զրույցում անդրադառնալով որոշմանը, երգչուհին նշեց, որ Թատերական ինստիտուտի բազային կից լինելն իրենց հնարավորություն կընձեռի իրենց ուսանողներին պատրաստել այդ ինստիտուտի համար: Նախկինում, եթե սա անում էին միջնորդավորված՝ գերազանցությամբ ավարտած իրենց ուսանողների համար պայմանագրեր կնքելով, ապա հիմա կանեն անմիջապես։ «Ի՞նչ վատ բան է»,-ասաց երգչուհին:

 

Անդրադառնալով Ջազային քոլեջի դասախոսների բողոքներին, թե 30 տարվա յուրատեսակ բրենդ դարձած քոլեջը ինչ-որ այլ հաստատությանը միավորելը հանցագործություն է, Նադեժդա Սարգսյանն առաջարկեց .«Մի հատ պատմությանը նայե՛ք: Էդ բրենդը ի՞նչ է տվել, ո՞ւմ է տվել: Ի՞նչ ջազային երգիչ ու երաժիշտ է տվել: Ես էդ թեմայից արդեն հոգնել եմ: Շատ բան չեմ ուզում խոսել, հա՞»:

 

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ խոսվում էր, որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը միավորվելու է Նադեժդա Սարգսյանի ղեկավարած Երևանի մշակույթի պետական քոլեջին: Այդ ժամանակ քոլեջի կոլեկտիվը, քոլեջի հիմնադիր՝ հանգուցյալ Ակսել Բակունցի գլխավորությամբ, բողոքում էր, հայտարարում էր, որ միավորման դեպքում կդիմի ընդհուպ մինչև Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


«Փառք Աստծո, ես այդ թեմաների հետ կապ չեմ ունեցել, այսօր ես առողջ եմ, բայց այն ժամանակ ես Գերմանիայում պառկած էի և այնքան վատ բաներ լսեցի, որ իբր ես եմ արել: Ո՞վ է Նադեժդա Սարգսյանը, եթե կառավարությունը որոշում է ընդունում»,-ասաց երգչուհին:

 

Ի պատասխան հարցի, թե կարծում է, որ կառավարության որոշումները քննադատության ենթակա չե՞ն, նա ասաց, որ՝ ոչ, որոշումներ կան, որոնք կարելի է «նայել, վերանայել» և քննադատել:


Հիշեցնենք, որ որոշումը պայմանավորված է ՀՀ նախագահի 2010թ. դեկտեմբերի 18-ի հրամանագրով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակության և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով, համաձայն որի, նախատեսված է վերանայել մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա համակարգը` գոյություն ունեցող ուսումնական հաստատությունների թիվը նվազեցնելով առնվազն 10 %-ով: