«Նարուտո» մուլտսերիալը ռուս դպրոցականին ինքնասպանության է հասցրել

18:03 • 01.11.12

Ռուսաստանի Պերմի մարզի Չայկովսկի քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է 13-ամյա երեխայի դիակ, հայտնում է Вести-ն։ Ըստ նախնական տվյալների՝ դպրոցականը նետվել է 10 հարկանի շենքի տանիքից։


Դեռահասի մարմինը հայտնաբերել են անցորդները, ովքեր և շտապօգնություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած բուժաշխատակիցներն արձանագրել են նրա մահը։


Այժմ քննիչները փորձում են պարզել, թե ինչն է դարձել տղայի ինքնասպանության պատճառը։ Մամուլում հայտնվել են առաջին ենթադրությունները։ Ըստ Life News-ի՝ Լյոնյա Խմելյովը որոշել է ինքնասպանություն գործել, երբ «մահացել» է «Նարուտո» մուլտսերիալի իր սիրելի հերոսը, ում նա որպես եղբայր է ընկալել։


Նման ենթադրություն կարելի է անել սոցկայքերից մեկում տղայի էջը դիտելուց հետո։ Այնտեղ սերիալի հերոս Իտաչի Ուչիխան նշված է որպես նրա «հարազատ եղբայր»։ Լյոնայի ընկերները կարծում են, որ նա, տեսնելով իր սիրելի կերպարի մահը, որոշել է ինքնասպան լինել։

 

Հայտնի է նաև, որ տղան խնդիրներ է ունեցել ընտանիքում և տնային կոնֆլիկտներից զերծ մնալու համար շատ ժամանակ է անցկացրել իր սիրելի մուլտֆիլմերը դիտելով։ Դպրոցում ևս նշել են, որ նա եղել է ինքնամփոփ և գրեթե ոչ մեկի հետ չի շփվել։