Սիրիայի դասալիք զինվորականները վերադառնում են հայրենիք. ՍԱՆԱ
Սիրիական բանակի դասալիք սպաները, ովքեր մեկնել էին Թուրքիա և միացել Ազատ բանակին, վերադառնում են հայրենիք, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով պետական հեռուստաընկերությանը։
Հեռուստաընկերությունը ներկայացրել է երեք սպայի, ովքեր զղջացել են դասալիք դառնալու համար և վերադարձել են։
Փոխգնդապետ, ռազմական ինժեներ Խալեդ Աբդել Ռահմալ ազ Զամելը պատմել է, թե երկիրը լքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության պատճառով, սակայն ավելի ուշ հասկացել է, որ «ընդդիմադիրները, ովքեր Սիրիայի ժողովրդի անունից են ներկայանում, իրականում հենց խաղաղ բնակիչներին սպանողներն են»։
Ավագ լեյտենանտ Մահմուդ Ալի Մուսան էլ պատմել է, թե սիրիական բանակի շարքերը լքել է հարևանների դրդմամբ, սակայն գիտակցելով ընտանիքին սպառնացող վտանգը՝ վերադարձել է։
Երրորդ զինվորականը՝ ավագ լեյտենանտ Մուլհամ Մահմուդը պատմել է, որ ինքն էլ կարծել է, թե միանում է ընդդիմադիրներին, սակայն հետագայում պարզվել է, որ դա «թալանով զբաղվող բանդա է, որը կողոպտում է մարդկանց տներն ու սպանում նրանց»։
Ըստ հեռուստաընկերության՝ 3 զինվորականներն էլ, վերադառնալով հայրենիք, համաներման են արժանացել և վերադարձել ծառայության։










