Թուրքիայի խորհրդարանի մոտ «ահաբեկչություն» է կանխվել

16:54 • 01.11.12

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքի մոտ մի երիտասարդ բողոքի ակցիա է իրականացրել, տեղեկացնում է Haberler կայքը։
 

Նա «Բանտարկված մեր եղբայրների ցանկությունն իմ ցանկությունն է։ Անժամկետ հացադուլ եմ հայտարարում» պաստառ է պարզել և հացադուլ սկսել։ Ոստիկանությունը կարծել է, թե նրա մոտ եղած պայուսակում ռումբ կա և գործի է անցել։

 

Անվտանգության նկատառումներով փակվել է տարածքը, դադարեցվել է երթևեկությունը, ենթադրյալ ռումբի վնասազերծման համար հատուկ խմբեր են հրավիրվել։
 

Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել 21-ամյա ցուցարարին, սակայն պարզվել է, որ ենթադրյալ ռումբի պայուսակում ընդամենը հագուստ է։