«Մենակ ռինգում». Նյու Յորքում բացվել է գրող Սերգեյ Դովլաթովի լուսանկարների ցուցահանդեսը

13:29 • 02.11.12

Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում բացվել է հայազգի գրող Սերգեյ Դովլաթովին նվիրված «Մենակ ռինգում» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվող տասնյակ լուսանկարներն արտացոլել են գրողի կյանքի տարբեր պահերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Գարիմանի ինստիտուտը Սերգեյ Դովլաթովի հիմնադրամի և New York Plus Plus ռեսուրսի հետ համագործակցությամբ, առաջին անգամ ներկայացրել են Դովլաթովների ընտանեկան արխիվի լուսանկարները, բացի այդ, ցուցահանդեսում կարելի է տեսնել գրողի ընկերների և պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից արված լուսանկարներ։

 

«Նման գաղափարն առաջացել է մոտ կես տարի առաջ։ Ես վաղուց էի համացանցում հետևում Սերգեյ Դովլաթովի լուսանկարներին և մշտապես գտնում էի անհայտ լուսանկարներ, այդ թվում՝ արված բանակում, որոնք չկային նույնիսկ ընտանեկան արխիվում։ Եվ մտածեցի նման ցուցահանդես կազմակերպել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նախագծի կազմակերպիչ, մշակութաբան և բլոգեր Նատաշա Շարիմովան։

 

Անձամբ Շարիմովան ներկայացրել է 1968թ.-ին Գրողների միությունում երիտասարդ գրականագետների սկանդալային հայտնի ընթերցումների ժամանակ արված լուսանկարը, որին մասնակցել են Սերգեյ Դովլաթովը, Իոսիֆ Բրոդսկին, Վլադիմիր Ուֆլյանդը։

 

«Դովլաթովին, բարեբախտաբար, հաջողվեց լուսանկարել, իսկ Բրոդսկուն ու Ուֆլյանդին ժապավենս չհերիքեց»,- պատմել է կինը։


Դովլաթովի ստեղծագործությունները Խորհրդային Միությունում արգելվել է հրատարակել, այդ իսկ պատճառով դրանք լույս են տեսել Արևմուտքում։ Այս պատճառով 1976թ.-ին Դովլաթովը հեռացվել է Գրողների միությունից, իսկ 1978թ.-ին նա մեկնել է ԱՄՆ, որտեղ բնակվելու տարիներին հրատարակել է 12 գիրք, որոնք թարգմանվել են եվրոպական բազմաթիվ լեզուներով։

 

«Մենակ ռինգում» ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 14-ը։