Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը մեծ մարտահրավեր է. հնդիկ ռեժիսոր Շեքհար Կապուր
Որոշ ժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ հանրահայտ հնդիկ ռեժիսոր Շաքհար Կապուրը պատրաստվում է այցելել Երևան, ուսումնասիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը և ֆիլմ նկարել այդ թեմայով։
News Track India պարբերականը ևս անդրադառնում է իր հայրենակցի ստեղծագործական համարձակ նպատակներին՝ ներկայացնելով Հնդկաստանի խոշորագույն անկախ լրատվական ծառայությանը՝ IANS-ին տված Կապուրի հարցազրույցը։
«Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության անքակտելի, սակայն միևնույն ժամանակ ամոթալի մասն է, և այդ թեմայով ֆիլմ նկարահանելը մեծ մարտահրավեր է։ Այդ թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարն ինձ մոտ առաջացավ, երբ պուերտոռիկացի սցենարիստ Խոսե Ռիվեյրան ինձ ուղարկեց մի նոր սցենար։ Այնուամենայնիվ, սա մարտահրավեր նետող նախագիծ է։ Այն պահանջում է մեծ գումարներ, ահռելի կազմակերպվածություն ու ավյուն։ Սակայն պետք է նաև նշել, որ այս նախագծի ետևում կանգնած են բազմաթիվ եռանդուն մարդիկ, ուստի այս թունելի վերջում ես լույս եմ տեսնում»,- ասել է Կապուրը։
Ռեժիսորն իր խոսքում նաև նշել է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվանից ոչ շուտ։
«Հայոց ցեղասպանության թեման չափազանց զգայուն է հատկապես ներկայիս Թուրքիայում, ուստի զարմանալի չէ, որ այս թեմայի քննարկման վրա արգելք է դրված թե՛ Թուրքիայի կառավարական շրջանակներում, թե՛ շարքային քաղաքացիների։ Հիշենք գրող Օրհան Փամուկին, ով բազմիցս հանդես է եկել Թուրքիայի կառավարությանն ուղղված Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու կոչերով, ինչի հետևանքով էլ հայտնվել է ծայրահեղ աջակողմյան խմբավորումների «սև ցուցակում»»,- մեջբերում է պարբերականը։
«Նման ֆիլմ նկարահանելով՝ արդյոք Կապուրը չի՞ վախենում նույնպիսի հետապնդումից ու պախարակումից»,- հարց է ուղղում IANS -ը։
«Ես արթնացրի բարձր կաստաների ու կառավարության զայրույթն ու դժգոհությունը, երբ նկարահանեցի «Bandit Queen» ֆիլմը։ Սակայն այն ժամանակ ես չնահանջեցի, չեմ նահանջի և հիմա։ Ես խորապես հավատում եմ իմ պայքարին։ Բացի այդ, այդ ժամանակաշրջանի (ի նկատի ունի ցեղասպանությունը) ոչ մի ներկայացուցիչ (Օսմանյան կայսրության) այլևս ողջ չէ։ Իսկ Թուրքիայի նոր սերունդը հավատում է, որ իր ազգը հզոր է և պետք է միշտ առաջ շարժվի և գտնում է, որ տեղի ունեցածը պետք է ընդունել»,- հավելում է ռեժիսորը։
«Այն հասարակությունը, որը դասեր չի քաղում իր անցյալից, դատապարտված է իր սխալները կրկնելուն»,-եզրափակել է Կապուրը։










