Մարզերից 63 հուշարձանների Երևան տեղափոխումը մի՛ շահարկեք՝ դրանք ետ են տարվելու. Հասմիկ Պողոսյան
Հայաստանի մարզերից մշակույթի 63 անշարժ հուշարձանների Երևան՝ Հայաստանի պատմության թանգարան տեղափոխելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման դեմ դժգոհությունները, ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, անտեղի են, մանավանդ որ դրանք, ըստ նրա, ոչ թե հուշարձաններ են, այլ հուշարձանապատկան բեկորներ։
«Կառավարությունը օրինական որոշում կայացրեց, այսինքն՝ տարբեր հուշարձանապատկան բեկորներ պետք է բերվեն Հայաստանի պատմության թանգարան և մեկ ցուցադրությունում ներկայացվեն»,– այսօր ԱԺ-ում «Բյուջե 2013-ի» քննարկմանն ասաց նախարարը:
«Խոսքը վերաբերում է ջարդված, քանդված, գետնի մեջ թաղված, անհայտ մի անկյունում դրված կամ գտնված հուշարձանապատկան քարի բեկորների մասին»,- ավելացրեց նա:
Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ նշյալ բեկորներն արդեն բերվել են մարզերից և նրանց, ում հարցը հետաքրքրում են դրանք, նա առաջարկեց գնալ պատկերասրահի բակ և տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում։ Նախարարը նաև նշեց, որ այդ բեկորներն արդեն սկսել են մաքրել, վերականգնել:
Նախարարը զարմանում է, թե հարցը շահարկողներն ինչպես կարող են որոշման կարևոր դրույթը հաշվի չառել:
«Ցուցադրության ժամանակ այդ բեկորների կողքին շատ կարևոր բան էինք դրել, որը, չգիտես ինչու, ուշադրությունից վրիպեց: Խոսքը վերաբերում է նրան, որ այդ հուշարձանի բեկորի հիման վրա ցույց ենք տալիս, որ տվյալ մարզը ինչ պատմամշակութային ժառանգություն ունի, որը կտեղադրվի տվյալ մարզից բերված բեկորի կողքին»,– նշեց նա:
Հասմիկ Պողոսյանն ավելացրեց, որ ցուցադրությունից հետո դրանք խնամքով ետ են վերադարձնելու այն վայրը որտեղից բերվել են՝ նշելով, որ կարիք կա բողոքել, երբ օրինակ՝ Դսեղի ձորից սարսափելի վիճակում գտնվող բեկորը հանում են և փորձում փրկել:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախարարին բացատրեց դժգոհության առիթը: Նախ նա նշեց, որ նրան, ինչ բեկոր են կոչում հաշվառված է որպես հուշարձան, ապա ավելացրեց, որ մարզերում դժգոհության առաջացման առաջին խնդիրն այն է, որ ոչ ոք նրանց հետ նման հարց չի քննարկել:
«Ոչ ոք չի հանդիպել տվյալ համայնքի բնակիչների հետ ասի, որ՝ «ձեր հուշարձանները, սրբությունները, եթե բեկոր եք կոչում, բեկորները, չնայած, իհարկե, էնտեղ բեկորներ չկան, բերենք Երևան և 4 տարի պահենք»: Եթե քննարկեիք, կարող է այդ դժգոհությունները չառաջանային»,- ասաց նա։
Պատգամավորը շարունակեց՝ ասելով, որ կոնկրետ Դսեղի Սուրբ Գրիգոր եկեղեցու արևի ժամացույցը, որը քանդված է, գտնվում է ձորում:
«Այդ ժամացույցը տեսնելու համար բազմաթիվ տուրիստներ գալիս են Դսեղ և իջնում այդ ձորը ՝ տեսնելու նաև արևի ժամացույցը, որն, ի դեպ, բերել եք Երևան: Նրանք, որ գալիս էին Դսեղ, արդեն կգան Երևան և էլ չեն գա Դսեղ»,- ընդգծեց նա և նաև հավելեց, որ սրանով ցույց է տրվում, որ Երևանը ոչ թե բեռնաթափում են, այլ ընդհակառակը, ամեն ինչ ժողովում են և կենտրոնացնում Երևան քաղաքում:
Էդմոն Մարուքյանը մեկ մտահոգություն ևս հայտնեց նախարարի ելույթից. չկա երաշխիք, որ այդ բեկորները հետ են տարվելու:
«Ասեմ ինչու, որովհետև Դուք ասացիք, որ կոնկրետ վայրեր չունեն, թաղված էին, այդ դեպքում ուր եք տանելու, եթե տեղերը չկան»,- հարցրեց նա: Ի պատասխան նախարարը պատգամավորին խորհուրդ տվեց ժողովրդին չբորբոքել:










