ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է Իրանի դրամատուրգների պատվիրակությանը

18:08 • 03.11.12

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դրամատուրգների միության նախագահ Մոհամմադ Ամիր Յարահմադիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին գրողներ, քննադատներ, դրամատուրգներ, լրագրողներ, թարգմանիչներ:


Ըստ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ու միության անդամներ:


Ողջունելով հյուրերին, նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայ-իրանական մշակութային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և անդրադարձել երկու երկրներում իրականացված համատեղ գրական-մշակութային ծրագրերին, մասնավորապես` գրական-թարգմանական նախագծերին, որոնք նպաստել են «Հայաստան-Իրան. գրական կամուրջներ» ծրագրի ստեղծմանը և ապահովել ամուր հարթակ գրողների, դրամատուրգների փոխայցելությունների և գրական ծրագրերի իրականացման համար:


Հայ-իրանական գրական կապերի հարուստ փորձի արդյունքում հրատարակվել են շուրջ չորս տասնյակ գրքեր, իրականացվել՝ դրամատուրգիական ստեղծագործությունների թարգմանություններ:


Այս համատեքստում, հայաստանյան կողմը 2012 թ. պետական պատվերով հրատարակել է «Արդի իրանական դրամատուրգիա» գիրքը, որի մեջ տեղ են գտել իրանցի ժամանակակից տասը դրամատուրգների ստեղծագործություններ, որոնցում արծարծվում են տարբեր խնդիրներ, մշակութային բազմազան խաչաձևումներ և տարատեսակ գեղագիտական սկզբունքներ:


Խոսելով հայ-իրանական գրական-թարգմանական դաշտի զարգացման մասին, նախարարն ընդգծել է, որ այս ուղղությամբ ունեցած ձեռքբերումները պետք է դնել գործնական հիմքերի վրա, որպեսզի թարգմանված դրամատուրգիական գործերն ունենան իրենց արժանի շարունակությունը թատրոնում և կինոյում:


Զրույցի ընթացքում, Հասմիկ Պողոսյանը խոսել է երկու երկրների հրատարակիչների համատեղ ձեռնարկների շուրջ, որի արդյունքում Իրանում գործող և տարածաշրջանային թարգմանական նախագծեր իրականացնող «Աֆրազ» և Հայաստանի «Ապոլլոն» հրատարակչությունները առաջիկայում կհրատարակեն «Արդի հայ պոեզիա» ժողովածուն, որում ներառված են ՀՀ նախագահի և պետական այլ մրցանակների արժանացած 12 հայ ժամանակակից գրողներ` Հրաչյա Թամրազյանի, Արտեմ Հարությունյանի, Դավիթ Հովհաննեսի, Հակոբ Մովսեսի և այլոց ստեղծագործությունները: Գիրքը կտպագրվի պետպատվերի շրջանակներում:


Հանդիպման վերջում Իրանի դրամատուրգների միության նախագահ Մոհամմադ Ամիր Յարահմադին շնորհակալություն է հայտնել նախարար Հասմիկ Պողոսյանին ջերմ ընդունելության, հայ-իրանական գրական-մշակութային ձեռնարկներին մշտապես գործուն աջակցություն ցուցաբերելու համար, ինչը նպաստում է երկու բազմադարյա հարևանների գրական- մշակութային երկխոսությանը: