Հարուստների նոր մոդան՝ խաչքարեր են դնում իրենց բակերում. Սամվել Սևադա
Գեղանկարիչ և լուսանկարիչ Սամվել Սևադան նկատել է, որ Հայաստանում հարուստների շրջանում նոր մոդա է ի հայտ եկել՝ խաչքարեր շարել «իրենց հայաթներում»:
Tert.am-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ նման բան անձամբ է նկատել:
«Որտեղի՞ց են իրենք տեղափոխում, հայտնի է՝ այնտեղից, որտեղից դրված է: Եկեղեցիների կողքը լիքը խաչքարեր կան չէ՞, որոնց տեղը եկեղեցին է: Բայց իրենց համար մեծ դժվարություն չէ՝ կազմակերպել, որ էդ խաչքարերը գիշերը դնեն մեքենան, բերեն-դնեն իրենց հայաթում»,- ասաց նկարիչը:
Հիշեցնենք, որ մի քանի մտավորականներ արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Մշակույթի նախարարության նախաձեռնության առնչությամբ, որի շրջանակներում 60-ից ավելի անշարժ հուշարձաններ պետք է տեղափոխվեն Երևան,
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը վերոնշյալ նախաձեռնությունը որակել էր որպես՝ «Մշակույթի թալանը և թալանի մշակույթը», իսկ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ավելի կոպիտ էր արտահայտվել և ասել, որ՝ «Մենք քոչվոր ցեղ չենք, որպեսզի մշակույթի արժեքները «արմատախիլ անենք» ու տեղափոխենք»:
Սամվել Սևադան ամբողջությամբ համամիտ է, ասելով՝ «Հուշարձանին չի կարելի ձեռք տալ, իր բնական տեղից հանել-տանել: Հերիք է՝ ինչքան արել են»:
Նշենք, որ թե՛ Լևոն Բարսեղյանը և թե՛ Տիգրան Խզմալյանը մի քանի օրինակներ էին նշել, որ նման «տեղափոխությունների» արդյունքում հուշարձաններն այլևս չեն վերադարձվել:
Ըստ Լևոն Բարսեղյանի՝ Մինասի 4 որմնանկարները, իսկ Տիգրան Խզմալյանի տեղեկություններով՝ Լոռի–Բերդ ամրոցի տարածքից չորս-հինգ տարի առաջ Փարիզ տանելու պատճառաբանությամբ տարված հոյակերտ ու եզակի մի խաչքար` չորս Ավետարանների խորհրդանիշներով: Այժմ դրա գտնվելու վայրն անհայտ է:










