Լավ կլինի, որ փող ունեցողը ճաշակ էլ ունենա. Սամվել Սևադա
Մամուլով հաղորդվեց, որ հայաստանյան AA auction նորաբաց ընկերությունը դեկտեմբերի 8-ին կկազմակերպի հայաստանյան նկարիչների գործերի առաջին աճուրդը՝ իրական և առցանց տարբերակով։ Առցանց աճուրդի մասնակիցները կարող են գնումներ կատարել մինչև 30 հազար դոլարի հասնող գումարով, իսկ իրական աճուրդում 1000-2000 դոլարից սկսվող լոտեր։ Հանրահայտ «Սոթբիզ» և «Քրիստիս» աճուրդների օրինակով հայկական աճուրդի կազմակերպիչներն այս նախաձեռնությունը պայմանավորել են նրանով, որ հանրահայտ աճուրդներում մշտապես կա Հայաստանում ստեղծվող արվեստի թանկարժեք գործերի առաջարկ:
Ի՞նչ կտա այս աճուրդը հայաստանցի նկարիչներին. Tert.am-ը փորձել է պարզել գեղանկարիչ և լուսանկարիչ Սամվել Սևադայի հետ հարցազրույցում.
-Ի՞նչ կարող է տալ այս աճուրդը Հայաստանում ապրող և ստեղծագործող նկարիչներին:
-Շատ բան կարող է տալ: Եվ առհասարակ ինչքան շատ էդպիսի բաներ անեն, էնքան ավելի լավ: Ինչ վերաբերում է այդ աճուրդներին, դրանք լավ շարժում են առաջացնում: Այսինքն՝ գները կսկսեն մի քիչ բարձրանալ, ինչը խիստ անհրաժեշտ է այսօրվա մեր նկարիչներին:
-Իսկ չե՞ք կարծում, որ աճուրդում կարող են հայտնվել ճարպիկների գործերը, իսկ շատ լավ նկարիչներ՝ մնալ շրջանցված:
-Հնարավոր է, շատ հնարավոր է: Ուղղակի, ճարպիկ ոչ թե նկարիչն է, ով իր արվեստանոցում նստած իր գործն է անում, այլ ճարպիկը էդ գործակալներն են, որոնք աշխատում են նկարիչների վրա. գները բարձրացնում են, կոնկրետ ամեն մեկը փորձում է իր ձեռքի տակ եղած նկարչի գործերի գները բարձրացնել: Եվ աճուրդների հիմնական նպատակն էլ դա է:
- Որքան ինձ հայտնի է՝ կան լավ նկարիչներ, որոնց գործերը թանկ են վաճառվում նույնիսկ առանց աճուրդի, միևնույն ժամանակ կան նկարիչներ, որոնք կրկին լավն են, սակայն վերջիններիս ստեղծագործությունները չեն վաճառվում:
-Ամբողջ աշխարհում էլ դա այդպես է, էդպիսի բան չկա, որ որոշում են, որ սա՛ լավն է, նա՝ վատը: Նայած ոնց են աշխատում. կան ընկերություններ, անհատ ձեռներեցներ, որոնք շատ ճարպիկ են՝ բարձրացնում են արվեստագետի անունը և նոր սկսում են վաճառել: Նույնն էլ անում են գալերեաները (պատկերասրահները –Tert.am), և դրանցից ամեն մեկն ունի 10-12 նկարիչ, որոնց իրենք պատվեր են տալիս, էդ նկարիչները նկարում են: Ոնց որ մի քիչ արտադրում են էլի՝ էդ գալերեաների ոճի մեջ աշխատում են: Գալերեան էլ սկսում է իրենց վրա աշխատել, կամաց-կամաց իրենց գները բարձրացնում է, մի քիչ էլ լեգենդ է սարքում: Նորմալ է: ԱՄՆ-ում էլ էր այդպես, մեկը եկավ ինձ մոտ ու հասավ էն աստիճանի, որ մի անգամ ասաց՝«դե, հարյուր անգամ ասել եմ, էդ դեղինները մի՛ քսի, էլի»: Ես զարմացա, ասացի՝ «չհասկացա, ես ե՞մ նկարիչը, թե՞ դու»: Պարզվեց, որ ինքը, որ տանում է վաճառելու, ինչ-որ մարդիկ, որոնք փող են տալիս էդ գործին, նրանց դեղինը դուր չի եկել: Իր ննջարանին էդ գույնը չի բռնել: Մեծ մասը էդպես են նկար գնում. բռնացնում են իրենց հյուրասենյակի, ննջասենյակի, միջանցքի գույների հետ, որովհետև փող ունեցողը հեչ պարտադիր չէ, որ ճաշակ էլ ունենա: Ըստ այդմ էլ՝ նկարչի գները բարձրացնում են այն աստիճան, որ դա դառնում է որակի չափանիշ:
-Իսկ Հայաստանն ունի՞ նման գործակալների դպրոց։
-Կամաց-կամաց սկսում է զարգանալ, էդ գործակալ ասածները հենց էդ փոքրիկ պատկերասրահներն են : Երևանում, որքան ես գիտեմ, մի 10-12 հատ կա:
-Որքանի՞ց են սկսվում լավ նկարիչների գործերի գները:
-Բոլորինը տարբեր է, ընդհանուր չափանիշ չկա: Նորմալ նկարիչ կա, որ ոչ մի բան էլ չեն տալիս, նորմալ նկարիչ էլ կա, լսել է, որ գները պետք է բարձր լինեն, գլխից դուրս մի հատ գին է «կրակում», որ ոչ մեկը չի տալիս: Հիմա կոնկրետ իմ գծանկարները սկսվում են 800-1000 դոլարից, բայց ամեն մարդ իր գներն ունի:
-Ձեր կարծիքով, Հայաստանում ձևավորվա՞ծ է գեղարվեստական կտավներ գնելու ներքին պահանջարկ, բացի այն հատուկենտ պաշտոնյաներից, ովքեր գնահատում են արվեստի գործերը և ունեն մասնավոր հավաքածուներ: Օրինակ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով ամենախոշոր կոլեկցիոներներից է, իր հարցազրույցներում ասում է, որ ինքը միշտ խորհուրդ է տալիս՝ հարսանիքներին, հանդիսավոր արարողություններին նվիրել արվեստի գործեր:
-Ես մի քիչ առաջ ասացի, որ կամաց-կամաց զարգանում է: Իհարկե, լավ կլինի, որ շատ փող ունեցողները հետն էլ ճաշակ ունենան: Առիթներ են եղել, որ մարդը հպարտացել է մի նկարչի գործով, որը սովորական, միջակ նկարիչ է, անուն է սարքել։ Վարչապետը իր կողքին է կանգնած, ու էդ հարուստը հպարտանում է ու բերում ցույց է տալիս: Էն դեպքում, որ երբ ես ասում եմ՝ «վայ, Բաշինջաղյան ունես կամ ասենք՝ Վարդգես Սուրենյանց», ասում է ՝ «էդ հեչ, սպասիր, բերեմ էսինչի գործը»: Հենց նույն Վերնիսաժում հրաշալի գործեր կան: Ես երեկ էլ եմ եղել , գնում եմ, ժամերով նայում եմ:
Առհասարակ, Վերնիսաժը հրաշալի գույն է տալիս մեր քաղաքին՝ նկարիչներին ու քաղաքացիներին:
Հարցազրույցը՝ Անուշ Դաշտենցի
Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Սևադայի արվեստանոցը
Լուսանկարները՝ Սամվել Սևադայի










