Թուրքիան Լուվրից պահանջում է վերադարձնել Օսմանյան կայսրության դարաշրջանի «գողացված» արվեստի գործերը

15:05 • 05.11.12

Ֆրանսիայի Լուվրի թանգարանում իսլամական արվեստին նվիրված նորաբաց տաղավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Թուրքիայի իշխանությունները մի շարք պահանջներ են ներկայացրել.  պահանջվում է Փարիզի թանգարանից վերադարձնել «գողացված» արվեստի գործերը։

 

Խոսքն Օսմանյան կայսրության դարաշրջանի կերամիկական իրերի մասին է։ Մի ժամանակ դրանք զարդարել են թուրք սուլթաններ Սելիմ II-ի, Մուրադ III-ի դամբարանները, ինչպես նաև սուլթան Մահմուդ I-ի գրադարանը և Փիյալե Փաշայի մզկիթը՝ Ստամբուլում։

 

Սակայն Թուրքիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի արվեստի գործերն «անօրինական ճանապարհով դուրս են բերվել երկրից»։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ պաշտոնական Անկարան արդեն նախաձեռնել է կերամիկայի վերադարձի գործընթացը։

 

Մինչդեռ Լուվրում թուրքական կողմից պաշտոնական դիմում դեռ չեն ստացել։ Թանգարանի աշխատակցի խոսքով՝ իսլամական արվեստի հավաքածուն ձևավորվել է միջազգային նորմերին համաձայն, հաշվի առնելով նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 1970թ.-ի Մշակութային արժեքների կոնվենցիան։  Փաստաթղթում նշված է, որ մինչև այդ ամսաթիվն արվեստի գործերի հետ կատարված գործընթացները չունեն հետադարձ ուժ։

 

Ինչ վերաբերում է կերամիկական նմուշներին, ապա դրանք իսկապես հայտնվել են Ֆրանսիայում նախանցած դարի վերջին։ «Դրանք գնելը կամ նվիրելը կատարվել է այն դարաշրջանում գործած կանոնների համաձայն»,- նշել են Լուվրում։

Այս պարագայում իրերը Թուրքիային վերադարձնելու հարցը ֆրանսիական կողմի տեսանկյունից «բացառվում է»։