Պատմաճարտարապետական բոլոր կոթողները կվերադարձվեն մարզեր. թանգարանի տնօրեն (լուսանկարներ)
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը վստահեցնում է, որ երկրի մարզերից Երևան բերված 51 պատմաճարտարապետական կոթողները, որոնք այժմ գտնվում են Հայաստանի պատմության թանգարանում, մաքրվելուց, ամրակայվելուց և, անհրաժեշտության դեպքում, վերականգնվելուց ու 2013թ.-ի հունվարի վերջին կայանալիք ցուցահանդեսին ներկայացվելուց հետո, կվերադարձվեն իրենց նախկին տեղերը:
«Երևան են բերվել առավել վտանգված հուշարձանները, որոնք տուժել են ժամանակից և մարդկային գործոնի ազդեցությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հիշեցնենք, որ այս գաղափարը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և մի շարք այլ հասարակական գործիչների մոտ դժգոհություն էր առաջացրել: Իսկ ռեժիսոր Տիգրան Խզմալյանն այն որակել էր որպես «մշակույթի թալան» կամ «թալանի մշակույթ»:
Նույն խնդրի շուրջ իր զայրույթն էր հայտնել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ասելով, որ՝ «Չտեսնված-չլսված բան է, որ մարդու տապանաքարը՝ խաչքարը, հանեն, տանեն Երևանի կենտրոն՝ ցուցահանդեսի համար»։ Ըստ արվեստագետների՝ ոչ մի երաշխիք չկա, որ այդ «բեկորները» հետ են տարվելու:










