«Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես Կոպենհագենում

11:09 • 07.11.12

Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացել է «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության և Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարույթան մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:


Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների և այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:


Բացման խոսքով հանդես է եկել Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը:


Այնուհետև, ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` «Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը» թեմայով: Նա, իր խոսքում կարևորելով այսպիսի ցուցադրության կարևորությունը Կոպենհագենում, անդրադարձել է Հայոց ցեղասպանության և տարբեր ժողովուրդների և երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը:


Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելույթում ներկայացրել է դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը: Ելույթով հանդես է եկել նաև Յուսի Բյորնը` ներկայացնելով իր տատի` նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնին նվիրված «Չերգված հերոսուհին» ֆիլմի նախագիծը:


Իր խոսքում Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշել է, որ սկանդինավյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ակտիվորեն արձագանքել են հայ ժողովրդին պատուհասած այդ արհավիրքին և կարողացան մարդասիրական լայն գործունեություն ծավալել հայերին փրկելու, ապաստան տալու և սնունդ ապահովելու ուղղությամբ:


Դեսպանը հիշատակել է նվիրյալ սկանդինավցիների անունները և կարևորել ապագայի այն տեսլականը, որով առաջնորդվում էին «հայասիրական մղումներով տոգորված այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել և հայտնվել էին Օսմանյան կայսրության կողմից ստեղծված դժոխային պայմաններում` նպատակ ունենալով ամեն գնով օգնել և սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերին»:


Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծել է. «Անգնահատելի է այս անձանց նվիրումը, դժվար է բառերով արտահայտել կրած ֆիզիկական և հոգեկան այն ցավը, որ սկանդինավյան հայասերներն ապրում և վերապրում էին ամեն օր` տեսնելով, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ»: Դեսպանը նշել է նաև, որ «մենք եկել ենք ոչ թե ողբալու մահը, այլ ոգեկոչելու կյանքը»:


Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկա գտնվողներին և, հատկապես, Դանիայի Թագավորական գրադարանին, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ի դեմս տնօրեն Հայկ Դեմոյանի: Երեկոյի ընթացքում հնչել են հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը: