Կբացվի «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսը

14:39 • 07.11.12

2013թ.-ի հունվարի վերջին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել մեր պատմաճարտարապետական հարուստ մշակութային ժառանգությունը: Այդ առթիվ այսօր Պատմության թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելիկա Գրիգորյանը և ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության աշխատակից Սուրեն Շաքարյանը լրագրողներին ներկայացրեցին ՀՀ տարբեր մարզերից հավաքված հուշարձանապատկան բեկորներ և պատմաճարտարապետական կոթողներ, որոնք պատրաստվում են վերականգնել:


«Մեր հասարակությունը ժառանգություն է ստացել մեծ հարստություն, որոնց պետք է տեր կանգնել: Դրա համար պետք է ոչ միայն հայտնաբերել, այլ նաև վերականգնել և պահպանել»,- ասաց Սուրեն Շաքարյանը:


Կայանալիք ցուցահանդեսում կներկայացվեն ոչ միայն հուշարձանապատկան բեկորներ և պատմաճարտարապետական կոթողներ, այլ մարզի մշակութային ընդհանուր պատկերը ներկայացնող, տեղում պահպանված հնագույն կոթողների, խաչքարերի, ճարտարապետական մանրամասների մեծադիր լուսանկարները և նկարազարդ բացատրագրերը:


Ներկայացվող ցուցադրությունը հասարակության ուշադրությունը կուղղի տարբեր վայրերում պահպանվող հուշարձանների նկատմամբ ճանաչողության և հոգատարության դրսևորմանը, որը կնպաստի դրանց պահպանության խնդրին: «Պատմամշակութային ժառանգության նկատմամբ այս մոտեցումը և հուշարձանների վերաարժեվորումը կխթանի զբոսաշրջությանը` այցելուներին ուղղորդելով դեպի մարզերը»,- ասաց Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: