Սկսվել են Սանահինի համալիրի վերականգնողական աշխատանքները

17:37 • 07.11.12

Սանահինի վանական համալիրում վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են, և առաջինը կվերականգնվի Ամենափրկիչ եկեղեցին, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Հուշարձանների պահպանության գործակալության» հուշարձանների պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանը: 


«Ամենափրկիչ եկեղեցին վատ վիճակում էր, պատերին վթարային ճաքեր կային, եկեղեցին պետք է վերականգնվի՝ միաժամանակ լուծելով հարակից խնդիրները»,- ասաց նա:


Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանն էլ կարծում է, որ մեր բոլոր հուշարձանների վիճակն է անմխիթար, իսկ դրանց վերականգնելը հնարավորության և ժամանակի խնդիր է:


«Սակայն պետք չէ շտապել, և ոտնատակ տալ այն բոլոր քայլերը, որոնք արվում են դրանք վերականգնելու ուղղությամբ»,- ասաց նա:


Նշենք, որ Սանահինի վանական համալիրի կազմում են Սուրբ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սուրբ Գրիգոր մատուռը։