Արձաններ՝ սպիտակ թղթից և դատարկությունից (լուսանկարներ)
Դանիացի գրող և արվեստագետ Պետեր Քալսենը վաղուց ի վեր աշխարհին զարմացնում է իր թղթե գլուխգործոցներով, որոնք համադրում են մտքի թռիչքները և պարզագույն արտահայտչամիջոցները: Հասարակ A4 թղթով Քալսենը ստեղծում է «արձաններ»: Դանիացու ստեղծածը երբեմն այնպիսի ընդգրկում է ունենում, որ մամուլում նրա արվեստն անվանում են «թղթե ճարտարապետություն»:
Թղթի մասին Քալսենն ասում է. «Ես գտել եմ մի նյութ, որը միաժամանակ և՛ չեզոք է, և՛ լի ամենատարբեր նշանակությամբ»:
Ինքը՝ 45-ամյա դանիացին, այսպես է բացատրում թղթից իր ստացածը. «Բարակ, ճերմակ թուղթն իմ քանդակներին փխրունություն է հաղորդում, որն էլ ընդգծում է ողբերգական և ռոմանտիկ թեման իմ աշխատանքներում»:
Իր գործերի հիմնական բնութագրիչի՝ դատարկության մասին Քալսենն ասում է. «Կտրված ֆիգուրի թողած դատարկությունը մատնանշում է հակադրումը եռաչափ իրականությանը, չնայած այն բանին, որ այդ ֆիգուրներն էլի կառչում են իրենց ծագումից»:
Քալսենի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր թանգարաններում, 1990-ականների կեսից:










