Տիգրան Համասյանը կբացի Լոնդոնի ջազ փառատոնը
«Դաշնամուրի հայաստանցի վառ աստղը կկատարի Լոնդոնի ջազ փառատոնի բացումը». գրում է The Arts Desk-ը՝ ներկայացնելով անվանի հայ երաժիշտ Տիգրան Համասյանի հետ հարցազրույցը: Վերջինս իր կատարումով բացելու է նոյեմբերի 9-ին մեկնարկող՝ Լոնդոնի ջազ փառատոնը:
Աղբյուրն ընդգծում է, որ իրենից առաջ եղած շատերի նման նա էլ ներկայանում է միայն անունով՝ պարզապես Տիգրան (իր վերջին The Fable աշխատանքում ): Տիգրանը պատմել է, որ ակուստիկ դաշնամուրին կապվել է միայն այն պատճառով, որ իր հայրենի Գյումրիում չափազանց շատ անջատումներ էին լինում: Նա նշում է, որ «լույսերի գալն» այնքան տարօրինակ էր, որ երբ էլեկտրականությունը վերականգնվում էր, իր քույրը սկսում էր լաց լինել: Աղբյուրը նկարագրված դրությունը անվանում է «հետապոկալիպտիկ»:
Տիգրանի սիրած առաջին երաժշտությունը եղել է Meshuggar-ինը՝ շվեդական դեթ-մեթալ խմբինը:
5 տարեկանից Տիգրանը դասական կրթություն է ստացել, սակայն, ի տարբերություն շատ դասական երաժիշտների, չի էլ իմացել՝ ջազն ինչ է: Համասյանը իմպրովիզը անվանում է ամենախոր երաժշտությունը՝ այն, ինչից ամեն բան սկսվում է:
Աղբյուրը գրում է, որ Տիգրանի՝ «գլխապտույտ վերելքի» ճանապարհին գտնվելու մասին են վկայում նրա հետ հանդես եկած Հերբի Հենքոքի, Չիկ Կորեայի, Բրեդ Մելդոյի պես երաժիշտների հիացական արձագանքները:
The Arts Desk-ը եզրափակում է իր անդրադարձը՝ նշելով, որ Ջեֆ Դայերը իր «Գեղեցիկից բացի» գրքում ենթադրում է, որ ջազի ապագան բխելու է մշակութային այնպիսի համադրություններից, որպիսին ներկայացնում է Համասյանը: Վերջինս էլ խոստովանում է, որ իրեն դեպրեսիայի մեջ է գցում հայկական փոփ երաժշտությունը, իսկ ինքը նախանձում է հայ գեղջուկ երաժիշտների ինքնաբխությանը:
Համասյանը նաև խոստովանում է, որ սիրում է նվագել ակադեմիական հաստատություններում, ինչպիսին է Wigmore Hall-ը, որտեղ էլ հենց ելույթ է ունենալու նոյեմբերի 9-ին 19:30-ին: Տոմսերի արժեքն է 15-30 ֆունտ սթերլինգ










