Եվրոպան կորցնում է իր ազգային պատկանելությունը. Կարին Տոնոյան
Եվրոպական ամենազարգացած երկրները չունեն ազգություն, քանի որ արդեն չեն հասկանում, թե որ երկիրն ինչ ազգ է ներկայացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր տպավորությունները ներկայացրեց հեռուստալրագրող Կարին Տոնոյանը, ով հոկտեմբերի սկզբին էր վերադարձել Հռոդոսում տեղի ունեցած «Քաղաքակրթությունների երկխոսություն» գիտաժողովից։
«Ես այնտեղ հասկացա, որ մենք՝ որպես ազգ, գտնվում ենք բավականին լավ վիճակում, որովհետև անգամ ամենազարգացած երկրները, շատ խճճված վիճակում են, և նույն Եվրոպան, որին մենք այդքան համառորեն ձգտում ենք հասնել, ունի շատ ավելի բարդ խնդիրներ, քան մենք»,– ասաց նա:
«Այն խճճված է թե՛ տնտեսական, թե՛ ազգային խնդիրների մեջ, քանի որ ազգերի դեմոկրատիան բերել է ազգային ինքնատիպության կորստի, որը հուրախություն մեզ, մեր երկրում բավականին լավ վիճակում է»,- ավելացրեց Կարին Տոնոյանը:
Նրա խոսքով՝ գիտաժողովի մասնակիցները ներկայացրել են ամենատարբեր ոլորտներ, և նրանց ելույթները նվիրված են եղել տարբեր թեմաների:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հանդես է եկել «Գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո ստեղծված իրավիճակը, միջազգային նոր տնտեսակարգի ձևավորման հնարավորությունները, և այն ազդեցությունները, որ կարող են կրել և՛ զարգացող, և՛ զարգացած երկրները» խորագիրը կրող զեկույցով:
«Ես որոշակի առաջարկություններով հանդես եկա, մասնավորապես՝ հրաժարվելու սուբսիդիաներից, որոնք, եթե նախկինում մեծ աղետ էին զարգացող երկրների համար, քանի որ անհավասար պայմաններ էին ստեղծում մրցակցության համար, այսօր լուրջ հարված են հասցնում զարգացած երկրներին, քանի որ նրանք չեն գտնում միջոցներ սուբսիդիաներ տրամադրելու և արհեստականորեն գնանկմանը նպաստելու համար, քանի որ զարգացած երկրները հիմա դիմակայում են լուրջ մարտահրավերների»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Պատվիրակության ղեկավարները կարևորում են նաև համաժողովից հետո կատարվող աշխատանքները: Համաժողովի շրջանակում Հայաստան էին ժամանել թուրք պրոֆեսորներ:
«Թուրք պրոֆեսորները, ովքեր եկել էին Հայաստան, գնացին Ծիծեռնակաբերդ, խոնարհվեցին անմեղ զոհերի հուշարձանին, և ինձ համար դա շատ կարևոր է, որ յուրաքանչյուր թուրք գա ոչ միայն հաճոյանալու, այլ նաև հարգանք ցուցաբերի մեր ազգի հանդեպ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
«Քաղաքակրթությունների երկխոսությանը» գիտաժողովն այս տարի ամփոփել է իր 10-րդ նստաշրջանը: Տարբեր երկրների ավելի քան 600 անդամներ քննարկել են գլոբալ տարբեր հիմնահարցեր, համազգային խնդիրներ: Գիտաժողովին Հայաստանը մասնակցում է 2005 թվականից: Կառույցը ստեղծելու գաղափարը Ռուսաստանինն է, և նրա ակունքներում կանգնած է Վլադիմիր Յակունինը` «Ռուսաստանի փառքի միության» ղեկավարը:
Նշենք, որ համաժողովին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ:










