Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգ` նվիրված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին

11:34 • 08.11.12

Նոյեմբերի 7-ին՝ ժ. 19։00, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանց): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

 

Հաշվետու համերգը նվագախումբը նվիրել էր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին՝ 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակին:

 

Տոնական երեկոյին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շախմատի հավաքականի անդամներ, միջազգային կարգի գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, շախմատային աշխարհում ճանաչված մարդիկ, հյուրեր:

 

Ողջունելով երեկոյի հերոսներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ պետք է հպարտանալ, որ ժամանակակիցն ենք այն տղաների, այն հերոսների, ովքեր աշխարհին հաղթում են հայի խելքով. «Ձեր հաղթանակի շնորհիվ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հուզմունքից, ուրախությունից ցնծում էր, ալեկոծվում: Շնորհակալ ենք Ձեզ՝ գեղեցիկ րոպեների, պահերի և այն հպարտության, հիացմունքի համար, որ պարգևեցիք աշխարհի չորս ծագերում ապրող հայ մարդուն: Մենք պարտավոր ենք մեր սերունդներին դաստիարակել Ձեր ոգով, ուժով և մեծությամբ»:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև հավելել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը որոշում է կայացրել 2013 թվականը հռչակել Շախմատի համաշխարհային օլիմիպադայի հերոսների տարի. «2013 թվականին Սփյուռքի խոշոր կենտրոններում կկազմակերպվեն հանդիպումներ, որպեսզի սփյուռքահայերը ևս հնարավորություն ունենան շփվելու մեր շախմատի հերոսների հետ»:

 

Ողջունելով ներկաներին և դիմելով շախմատիստներին՝ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը հույս է հայտնել, որ այն մեղեդիները, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում, կմիանան շախմատիստների հոգու մեղեդուն և կուղեկցեն նրանց բոլոր հաղթանակների ժամանակ:

 

Երեկոյի ընթացքում գեղեցիկ, փոքրիկ համարներով ու կատարումներով հանդես են եկել նաև Երիտասարդ երաժիշտների միության սաները, «Արեգա» կամերային երգչախումբը, «Ծաղկազարդ» համույթը:


Իր գեղեցիկ ասմունքն է շախմատիստներին նվիրել ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը: