Հայ պատանի երաժիշտները «Շելկունչիկ»-2012 մրցույթում առաջին տեղեր են գրավել
Այսօր Ռուսաստանում, Չայկովսկու անվան համերգասրահում եզրափակվել է «Շելկունչիկ» (ռուսերենից թարգմանաբար Մարդուկ-Ջարդուկ) պատանի երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթը, որի եզրափակիչում շատ լավ արդյունքներ են գրանցել հայազգի պատանի երաժիշտները, հաղորդում է tvkultura.ru-ն:
«Շելկունչիկ»-2012 մրցույթի հաղթողները իրավունք են ստացել հանդես գալ ՌԴ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 3-րդ տուրում` բրիտանացի դիրիժոր Յան Լատամ-Քենինգի ղեկավարությամբ:
«Շելկունչիկ»-2012-ի դափնեկիրները արժանացել են տարբեր մրցանակների և հուշանվերների, սակայն գլխավոր մրցանակը` հայտնի քանդակագործ Միխաիլ Շեմյակինի հեղինակած՝ «Շելկունչիկ» արձանիկն է:
«Շելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթի արդյունքները`
Լարային գործիքներ
1-ին մրցանակ «Ոսկյա Շելկունչիկ» - Մարիա Արտեևա
2-րդ մրցանակ «Արծաթյա Շելկունչիկ» -Դիանա Ադամյան
3-րդ մրցանակ «Բրոնզե Շելկունչիկ» - Մարիա Զիմինա
Փողային և հարվածային գործիքներ
1-ին մրցանակ «Ոսկյա Շելկունչիկ» - Էրիկ Միրզոյան
2-րդ մրցանակ «Արծաթյա Շելկունչիկ» - Վյաչեսլավ Կուզնեցով
3-րդ մրցանակ «Բրոնզե Շելկունչիկ» - Ուլյանա Ժիվիցկայա
Մրցանակակիրներին, ավանդույթի համաձայն, իր նվերներն է հանձնել նաև Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամը: Անվանական դրամաշնորհ են ստացել Էրիկ Միրզոյանը և Ալեքսանդր Դորոնինը: Դիանա Ադամյանը «Մոսկվան դիմավորում է ընկերներին» երաժշտական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել և արժանացել է հիմնադրամի կրթաթոշակին:
Էրիկ Միրզոյանն արժանացել է «Կապիտալ ներդրումային հիմնադրամի» դրամական մրցանակին:
Յուրի Բաշմետի հասարակական մարզային հիմնադրամը ևս, ավանդույթի համաձայն, մրցանակներ է շնորհել դափնեկիրներին: Նրանք «Նոր Ռուսաստան» Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մենահամերգներ կտան, որը կձայնագրվի և սկավառակով կթողարկվի:










