Արվեստի համաշխարհային գլուխգործոցներ, որոնք վաճառքի են հանվել այս աշնանը (լուսանկարներ)
Արվեստի գործեր գնելը կարող է շատ ավելի շահավետ լինել, քան թանկարժեք մետաղներ գնելը կամ հարուստ ընկերություններում ներդրումներ անելը։ Հատկապես դա վերաբերում է աշխարհահռչակ վարպետների գլուխգործոցներին, հայտնում է РИА-Новости –ն։
Վառ օրինակ է բրիտանացի Ֆրենսիս Բեկոնի «Գոռացող հայրը» կտավը, որը 1975 թ.-ին վաճառվել է 71.5 ֆունտ ստերլինգով, իսկ 2012-ին արդեն գնահատվում է 25 մլն դոլար։
Ստորև ներկայացնում ենք հայտնի, տաղանդավոր նկարիչների կտավները, որոնք այս աշնան ընթացքում արդեն վաճառվել են կամ դեռ նոր պետք է աճուրդի հանվեն՝ խոշոր եկամուտներ ապահովելով։
Հեղինակավոր Christie's աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել ռուսական արվեստի ամենավառ գործերից մի քանիսը, որոնց թվում են Բորիս Գրիգորևի, Կոնստանտին Կորովինի, Միխաիլ Նեստերովի, Նիկոլայ Ֆեշինի, Բորիս Կուստոդիևի աշխատանքները։
Բացի այդ, հաջորդ ամիս տեղի կունենան նաև հետպատերազմյան և ժամանակակից արվեստի գործերին նվիրված աճուրդներ։
Christie's աճուրդի լավագույն նմուշներն են Էնդի Ուորհոլի «Ազատության արձանը» կտավը, որը կվաճառվի նոյեմբերի 14-ին։ Մասնագետներն ակնկալում են դրա դիմաց 35 մլն դոլար եկամուտ ստանալ։
Մեկ այլ ճանաչված աճուրդի տուն՝ Sotheby's-ը, նոյեմբերի 13-ին վաճառքի կհանի ամերիկացի Մարկ Ռոտկոյի «Թագավորական կարմիրն ու կապույտը»։
Sotheby's-ի շրջանակներում աճուրդի կհանվի նաև ամերիկացի աբստրակտցիոնիստ Ջեքսոն Պոլոկի «Համար 4»-ը։ Ենթադրվում է, որ այն կվաճառվի 25-30 մլն դոլարով։
Իսկ երեկ կայացած աճուրդների ընթացքում վաճառվել է լեգենդար Պաբլո Պիկասոյի 9 աշխատանք, այդ թվում՝ «Կակաչներով նատյուրմորտ»-ը։ Իսկ «Ծաղկեփնջով տղամարդն ու կինը» Frieze Masters աճուրդի շրջանակներում Լոնդոնում վաճառվել է 8.5 մլն-ով։
Պիկասոյի աշխատանքներից ևս մեկը՝ «Կինը պատուհանի մոտ.Մարիա Թերեզա»-ն, կվաճառվի մոտ օրերը՝ 15-20 մլն դոլարով։
Sotheby's-ի աճուրդում նաև վաճառվել են Պոլ Սեզանի «Մուշտակով կինը» կտավը՝ 7 մլն դոլարով, իսկ Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» վաճառվել են 43.7 մլն դոլարով։
Հոկտեմբերի սկզբին հանրահայտ երաժիշտ Էրիկ Քլեպտոնը Sotheby's աճուրդում վաճառել է Գերհարդ Ռիխտերի «Աբստրակտ կտավ»-ը՝ 34.2 մլն դոլարով։ Սա ռեկորդային գումար է, որը վճարվել է աշխատանքի դիմաց՝ նկարչի կենդանության օրոք։










