Հայ օդային մարմնամարզուհին արժանացել է Կրկեսային միջազգային փառատոնի հատուկ մրցանակի

17:13 • 09.11.12

Հայաստանը ներկայացնող 16-ամյա օդային մարմնամարզուհի Հասմիկ Մանուչարյանն արժանացել է Մանկական և երիտասարդական կրկեսային կոլեկտիվների, դպրոցների և կատարողների «Կրկեսային ապագա» VI միջազգային փառատոնի «Հանդիսատեսների համակրանք» հատուկ մրցանակին, տեղեկացնում են Կրկեսի մամուլի ծառայությունից: 


Փառատոնում, որն անցկացվել է նոյեմբերի 4-ին, Լուգանսկում (Ուկրաինա), հայ մարմնամարզուհին հանդես է եկել «Օդային ռապսոդիա» համարով:


Փառատոնին մասնակցել է կրկեսային 50 կոլեկտիվ, որոնք ներկայացնում էին Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ՆԻդեռլանդները, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Հայաստանը:


Հասմիկ Մանուչարյանին մրցանակը հանձնել է Ուկրաինայի կրկեսային արվեստի վաստակավոր գործիչ, Լուգանսկի պետկրկեսի տնօրեն Դմիտրի Կասյանը։


Հասմիկ Մանուչարյանն ուսանում է Երևանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայում, որի ղեկավարը կրկեսի արտիստուհի Նաիրա Պետրոսյանն է: Հասմիկ Մանուչարյանն 8 տարեկանից յուրացնում է կրկեսային արվեստի գաղտնիքները: Իսկ կրկեսային համարը, որ նա նախապատրաստել է մարզիչ Գնել Սարգսյանի հետ համատեղ, նրան հաղթանակ է պարգևել Երևանում 2010–ին անցկացված Դելֆյան 6-րդ խաղերում:


Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն, անդրադառնալով հայ օդային մարմնամարզուհու վերջին ձեռքբերմանը, ասել է. «Հասմիկ Մանուչարյանի հաղթանակը հնարավորություն է ընձեռում նախաձեռնել նրա մասնակցությունը Մոնտե-Կառլոյի ամենից ներկայացուցչական Կրկեսի միջազգային փառատոնին՝ 2013 թվականին»: