Ստրադիվարիուսի ջութակների փորձագետը 6 տարի ազատազրկման է դատապարտվել

21:00 • 09.11.12

Հռչակավոր վարպետ Ստրադիվարիուսի ջութակների համաշխարհային փորձագետ Դիթմար Մախոլդը Վիենայի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ֆինանսական չարաշահումների մեջ և դատապարտվել 6 տարի ազատազրկման, հաղորդում է BBC-ն:



Դատախազությունը Մախոլդին մեղադրել է երաժշտական գործիքների հետ խարդախություն իրականացնելու մեջ, պնդելով, որ փորձագետը հասկայական բանկային վարկեր է ստացել՝ որպես գրավ դնելով հազվագյուտ գործիքներ:



Միևնույն ժամանակ, քննության տվյալներով, նա իրականից բարձր է ներկայացրել գրավադրվող իրերի գինը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է ներկայացրել:



Մասնավորապես, դատախազությունը Մախոլդին մեղադրել է նրանում, որ նա երաժշտական գործիքներից մեկը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար է գնահատել, այն դեպքում, երբ դրա գինը միայն մի քանի հազար էր:



Դատարանում նա մասամբ ընդունել է մեղքը, սակայն խարդախության մասով իրեն անմեղ է համարում: