ՀՀ բնապահպանության նախարարության և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» միջև հուշագիր է ստորագրվել
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»: Միջոցառման նպատակն է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) և VivaCell-MTS-ի հետ համատեղ իրականացնել խորհրդանշական ծառատունկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։
Արամ Հարությունյանը նախ ողջունել է Ուրծաձոր գյուղի էկոկրթական կենտրոնի սաներին, այնուհետև ծանոթացել նրանց պատրաստած աշխատանքներին: Կենտրոնի սաները նախարարին նվիրել են իրենց պատրաստած աշխատանքներից փաթեթ:
Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է կառույցի կատարած աշխատանքներին և արդյունքներին:
Ծառատունկի շրջանակներում «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն սահմանել է հետագա համագործակցությունը հիմնադրամի և նախարարության միջև, որն էլ հանդիսանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անմիջական պատասխանատուն: Արամ Հարությունյանը նշել է՝ «Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ունենա արդյունք և պետք է միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար»:
Արամ հարությունյանը նշել է նաև, որ ողջունում է հիմնադրամի ջանքերն ուղղված «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի» հիմնադրմանը՝ արգելոցի այս հատվածի համար ստեղծելու պահպանվող բուֆերային գոտի, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքների կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը խորապես նպաստում է արգելոցի սահմանների ներսում պաշտպանության բարելավմանը:










