Գազի հետ օդ խառնելու մասին լուրերը հերյուրանքներ են. «ՀայՌուսգազարդ»
Այն գազը, որը ներկրվում է ՀՀ և վաճառվում է բնակչությանը, տատանվում է 8000-8600 կկալ-ի սահմաններում: Բնակիչը վճարում է 7900 կկալ-ի համար գումար, և ստանում է մինչև 8600 կկալ: Այս պայմաններում դեռ ասում են, որ գազի հետ կապված խնդիրներ կան: Այսկերպ արձագանքեց «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն և գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանը Tert.am-ի բարձրացրած այն խնդրին, որ բնակիչներից շատերը բողոքում են, թե գազի հետ օդ են վառում:
Հրանտ Թադևոսյանն ասում է, որ պայմանագրով սահմանված գինը 7900 կկալ-ի համար է, իսկ ԳՈՍՏ-ը (Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ) սահմանել է, որ այն չի կարող պակաս լինել 7600 կկալ-ից. «Նման պայմաններում չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ է նշանակում գազի հետ ինչ-որ բան խառնել: Մենք իրականացրել ենք բազմաթիվ փորձարկումներ, և բոլորը համոզվել են, որ այդ ամեն ինչը հերյուրանքներ են»:
«ՀայՌուսգազարդի» փոխտնօրենը գազի հետ օդ խառնելու բոլոր տեղեկությունները համարում է անհիմն և օդի մեջ պտտվող: «Ես այսպիսի խնդրանք ունեմ. եթե կան նման մարդիկ, ովքեր կարող են մասնագիտական տեսանկյունից հիմնավորել այդ բողոքը, ապա կփորձենք այդ խնդրին անդրադառնալ: Մենք պատրաստ կլինենք ցանկացած վայրում, ցանկացած մասնագիտական խմբերի հետ իրականացնել ցանկացած փորձարկումներ: Ավելին՝ նման փորձերը մենք ամեն օր ենք արել «Հրազդան ՋԷԿ», «Երևան ՋԷԿ» և համապատասխան այլ կազմակերպությունների հետ, որոնց համար կալորիան կարևոր էլեմենտ է, քանի որ հոսանք են արտադրում, և ոչ մի խախտում չի հայտնաբերվում»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:
Tert.am-ը այդ հարցով զրուցեց նաև «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի հետ: Արմեն Պողոսյանը հայտնեց, որ ինքն այդ հարցով բազմաթիվ անգամներ դիմել է «ՀայՌուսգազարդին» և բնակարաններում՝ առանց սպառողներին տեղեկացնելու, իրականացվել են ստուգումներ, և ամեն ինչ համապատասխանել է սահմանված չափանիշներին:
«Մնում է կասկածի մի ասպեկտ` ճնշման մանիպուլյացիայի նվազեցման հաշվին ստանալ այնպիսի էֆեկտ, որը նույն ցուցմունքը ցույց կտա, բայց իր տված օգուտը՝ ջերմության առումով, կարող է պակաս լինել: Սա ևս պետք է չափել»,- ասաց Արմեն Պողոսյանը:
«ՀայՌուսգազարդի» գլխավոր ինժեները հերքեց ճնշման պակաս լինելու հնարավորությունը: « Ճնշումը կարգավորվում է պայմանագրով սահմանված չափանիշներով: Ես միանշանակ հիմնավորում եմ և փաստում, որ նման խնդիր չկա, քանի որ ունենք հավատարմագրված լաբորատորիա, որտեղ ամենօրյա հսկողություն է իրականացվում և չի կարող նման բան լինել: Եթե գազի ճնշումը իջեցվի, գազին միացված սարքերը կարող են նորմալ չաշխատել և անջատվել»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:
Հրանտ Թադևոսյանը հավելեց նաև, որ եթե գազի հետ օդ խառնվի, կառաջանա պայթյունավտանգ իրավիճակ. «Գազի հետ համապատասխան քանակությամբ օդ խառնվելու դեպքում, գազատարը կբռնկվի, կպայթի: Իսկ մինչև այսօր մենք, փառք Աստծո, պայթյուններ չենք ունեցել»:










