Ֆրանսիայի նախագահը և նախարարները կարող են զրկվել անձեռնմխելիությունից
Ֆրանսիայի քաղաքական կյանքի բարեփոխման հանձնաժողովը, որը ստեղծվել է գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից, առաջարկում է թույլ տալ դատել երկրի նախագահին լիազորությունների իրականացման ժամանակաշրջանում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Բարեփոխման հանձնաժողովը Օլանդը ստեղծել է այս ամռանը, այն գլխավորում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը: Հանձնաժողովի առաջարկները փոխանցվել են երկրի ղեկավարին այսօր առավոտյան, ավելի ուշ այն ներկայացվել է լրագրողներին:
Բարեփոխումները, որոնք առաջարկում է հանձնաժողովը, վերաբերվում են այդ թվում և նախագահի անձեռնմխելիությանը և նախարարների հատուկ կարգավիճակին, որոնց գործողությունները լիազորությունների իրականացման ընթացքում Ֆրանսիայի Հատուկ դատարանի իրավասության տակ են մտնում:
«Մենք չենք կարծում, որ հանցավոր գործողությունների համար, որոնք կատարվել են մինչև պաշտոնավարման շրջանը կամ որոնք կապված չեն լիազորությունների կատարման հետ, երկրի նախագահը պետք է օրենքից վեր դասվի: Հանձնաժողովը առաջարկում է փոխել նախագահի անձեռնմխելիության սկզբունքը», - հայտարարել է Ժոսպենը:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովը անհնարին է համարում նախագահի հանդեպ նախնական կալանքի միջոցներ ձեռնարկելը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետության ղեկավարի ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին:
Առաջարկվում է նաև նախարարներին զրկել հատուկ արտոնություններից չարաշահումների հետ կապված գործերի քննության ժամանակ, որոնք կատարվել են նրանց կողմից լիազորությունների կատարման ժամանակ:
Բոլոր գործերը, որոնք վերաբերվում են նախագահին և նախարարներին պետք է Փարիզի բարձր ատյանի դատարանի իրավասության տակ լինեն:










