2012-ի լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Ագարակը, լավագույն գյուղական համայնք՝ Արևշատը

17:19 • 10.11.12

Հայաստանի համայնքների ղեկավարներն այսօր հավաքվել էին մայրաքաղաքում՝ նշելու Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 16-ամյակը և որոշելու, թե ինչպես են աշխատել անցած ընթացիկ տարում:

Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո՝ տասը ամսվա աշխատանքը գնահատվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «ՀՀ համայնքային միության» կողմից անցկացվող ամենամյա «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությամբ, որի ժամանակ 2012-ի լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, իսկ լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Արևշատ համայնքը:

«Մաքուր համայնք 2012» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը: «Լավագույն կանաչապատ համայնք» կոչումը ստացավ Երևան քաղաքը: «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Ալավերդի քաղաքը:

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ըստ նրա, տարեցտարի համայնքներում առաջընթացը նկատելի է: «Եվ իսկապես կարողանում ենք, իրոք, ընտրություն կատարել: Իրական առաջընթաց կա, այն պարտականությունների մասով, որ դրված է»,- ասաց նա:


Փոխվարչապետը նաև շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ, նշելով որ այսկերպ ամփոփում են այն աշխատանքը, որ կատարել են համայնքներում նախորդ տասը ամիսների ընթացքում: «Իհարկե շատ անելիք ունենք, և պետք է մաքսիմալն անել, որպեսզի համայնքների հոգսը թեթևացնենք»,- ասաց նա և նշեց, որ այդ նպատակով պետական միջոցներից տասը միլիարդ դրամ է տրամադրվել՝ մարզերում հրատապ խնդիրները լուծելու համար:

«Կառավարությունը վճռական է տրամադրված համայնքների դերակատարությունը մեծացնելու համար: Մեկ այլ ծրագրով՝ հաջորդ տարի համայնքների դոտացիաների ծավալը ավելացվել է 3 մլդ 700 մլն-ով»,- ասաց նա և նկատեց, որ համայնքների ընտրութունները ցույց տվեցին հասարակության տրամադրվածությունը: