Քրդերը 2 քաղաք են գրավել Սիրիայում, հայաշատ Կամիշլին մնում է կառավարական ուժերի ձեռքում

16:22 • 10.11.12

Միլիցիայի աջակցությունը վայելող քուրդ բնակիչները իրենց վերահսկողության տակ են առել Սիրիայի հյուսիս-արևելքի (Թուրքիայի սահմանին մոտ) 2 քաղաք, հայտնում է Gulf News-ը:

 

Դա հաջողվել է այն բանից հետո, երբ քրդերը կառավարամետ ուժերին համոզել են հեռանալ Դերբասիյե և Թել Թամր քաղաքներից. նրանք շրջապատել են պետական կառույցներիշենքները և հեռանալու պահանջ ներկայացրել: Թել Թամրը ռազմավարական կարևոր ուղու վրա գտնվող քաղաք է: Նշված քաղաքները ներառող Հասակե գավառը վերջին օրերին ծանր մարտերի թատերաբեմ է. 2 օրում այստեղ 46 զինվորական է սպանվել:

 

Նույն շրջանում կառավարական ուժերը 2 քաղաք են վերահսկում՝ հայաշատ Կամիշլին և Հասակեն: Աղբյուրը նշվում է, որ միլիցիա անվանվող ուժերը կապ ունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

 

Բնակչության շրջանում խուճապ կա, թե կկրկնվեն նախօրեի դեպքերը, երբ զարգացումների պատճառով մեկ գիշերվա ընթացքում մոտ 9000 մարդ էր փախել Թուրքիա:

Ուրբաթ օրը նույն գավառում ընդդիմությունը գրավել էր Ռաս ալ-Էյն քաղաքը: