Երկարատև մարտերից հետո Սիրիական բանակը` Դամասկոսն ու թուրքական սահմանի վրա գտնվող քաղաքը, մաքրել է ընդդիմադիրներից
Սիրիայի կառավարական զորքերը 2 շաբաթ տևած մարտերից հետո կարողացել են ընդդիմադիրներին հետ մղել Դամասկոսից, թեև մայրաքաղաքի Կֆար Սուսե հարավարևմտյան թաղամասում դեռևս շարունակվում են մարտերը, հայտնում է Взгляд-ը։
Ասադին հավատարիմ ուժերն այս թաղամասում տեղակայել են տանկեր, որոնք հրետակոծում են ընդդիմադիրների դիրքերը։ Իսկ երկնքից էլ հարվածներ են հասցնում ուղղաթիռները։
Նախօրեին կառավարական զորքերն ընդդիմադիրներից առգրավել են ԱՄՆ-ի արտադրության մեծ քանակությամբ զինամթերք։ Իսկ լրատվամիջոցներում սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է զենք մատակարարել ընդդիմադիրներին մի պայմանով՝ եթե նրանք համախմբվեն։
Բացի այդ Սիրիայի կառավարական զորքերը մտել են Թուրքիայի հետ սահմանակից Ռաս էլ Այն քաղաք, որը հիմնականում բնակեցված է քրդերով, և երկարատև կատաղի մարտերից հետո մաքրել այն վարձկան իսլամիստներից։
Ընդդիմադիրները քաղաքը գրավել էին 2 օր առաջ, սակայն կառավարական ուժերի հարձակումից հետո ստիպված են եղել հետ նահանջել դեպի թուրքական սահման։
Սիրիական պետական հեռուսատեսության փոխանցմամբ, Ռաս էլ Այն-ի ազատագրման օպերացիայի շրջանակներում սպանվել են տասնյակ ապստամբներ։
Հինգշաբթի Սիրիական ազատ բանակի զորքերը գրավել էին իրենց համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս էլ Այնը, քանի որ այդպիսով նրանց ևս մի ճանապարհ է բացվում դեպի Թուրքիա։
Սակայն, հարկ է նաև նշել, որ քաղաքի գրավումը ապստամբների կողմից առաջացրել է տեղացիների վրդավմունքն ու դժգոհությունը։ Մասնավորապես՝ Քրդական խորհուրդը, որն իրենից ներկայացնում է քրդական բոլոր կուսակցությունների կոալիցիա, կոչ է արել ապստամբներին լքել Ռաս էլ Այն-ը։










