29 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ մեծն Առնո Բաբաջանյանը
1983թ.-ի նոյեմբերի 11-ին կյանքից հեռացավ տաղանդավոր ու սիրված կոմպոզիտոր, Խորհրդային Միության և ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը։
Նրա ստեղծագործությունները մեծ հեղինակություն են բերել մի շարք երգիչ-երգչուհիների, դրանք մինչ այսօր սիրված են ու շարունակում են հնչել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ երգիչների կատարմամբ։
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին, Երևանում:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո, 1929-ին նա ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ:
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադ»-ում (1950) և դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն:
Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում են հայ ականավոր կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանի արխիվային փաստաթղթերը, որոնց մեջ են նաև նրա հիշողությունները Առնո Բաբաջանյանի մասին, ում հետ լավ ընկերներ են եղել:
«Առնոն գործունյա ուսանողներից էր, հաճախ էր ինքնատիպ միջոցառումներ կազմակերպում, բայցև ոչ մի վայրկյան չէր դադարում երաժիշտ լինելուց: Նա անբաժան էր դաշնամուրից, որը դրված էր կոմպոզիտորների սենյակում: Եթե անգամ բաժանվում էր՝ համերգ, կինո, թատրոն կամ էլ մարզադաշտ գնալու համար, իսկ վերադառնալուց հետո կրկին նետվում էր դեպի դաշնամուրը` երբեմն նույնիսկ վերարկուն հագին: Հաճախ ընդհատում էր խոսակցությունը և մոտենում դաշնամուրին: Մենք ընտելացել էինք նրան, որ Առնոն երբեմն մեր վեճերին, զրույցներին մասնակցում է դաշնամուրի առջև նստած: Թվում էր՝ եթե կարողանար դաշնամուրն իր հետ տանել, երբեք չէր բաժանվի նրանից: Չնայած նվագարանն այսպես թե այնպես ամենուրեք նրա հետ էր` նրա հոգում»,- պատմել է Վաղարշյանը։
Աղբյուրներ՝ wikipedia.org, «Հայաստանի զրուցակից» թերթի #38(247)










