Ես իսկական մարտիկ եմ. այսօր լրանում է Դեմի Մուրի 50-ամյակը (լուսանկարներ)

12:40 • 11.11.12

Նոյեմբերի 11-ին լրանում է հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի 50-ամյակը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վերջին տարին դերասանուհու համար բավական ծանր էր՝ բաժանում դերասան Էշթոն Քաթչերից և ամուսնալուծության ձգձգվող գործընթաց, դրան հաջորդող ընկճախտ։

 

Դեմի Մուրը (Դեմետրիա Ջին) ծնվել է 1962թ.-ի նոյեմբերի 11-ին, Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքում։ Մեծացել է անապահով ընտանիքում. մայրն ու խորթ հայրը չարաշահում էին ալկոհոլային խմիչքները, հաճախ փոխում բնակության վայրը։ Նա 16 տարեկանում ստիպված է եղել թողնել ուսումը և աշխատանքի անցնել մոդելային գործակալությունում։ Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մուրն իր հարևանուհու՝ երիտասարդ դերասանուհի Նաստասիա Կինսկիի խորհրդով որոշել է իր ուժերը փորձել կինոյում։


Նրա առաջին դերերից մեկը «Գլխավոր հոսպիտալ»-ում էր (1982—1983)։ 1988-ին նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ «Յոթերորդ նշան» ֆիլմում։


Նրան մեծ ճանաչում ու հաջողություն բերեց «Ուրվականը» ֆիլմը, որից հետո նա գլխավոր դերեր ստանձնեց «Մի քանի լավ տղաներ», «Անպատշաճ առաջարկ», «Մերկապար» և այլ ֆիլմերում։


2006-ին նա իր սիրելիի՝ Էշթոն Քաթչերի հետ նկարահանվել է «Բոբի» ֆիլմում, իսկ 2007-ին՝ «Ո՞վ եք դուք, միստեր Բրուքս»-ում։

 

Նրա առաջին ամուսինը եղել է ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրը։ 1987-2000թ. նա ամուսնացած է եղել դերասան Բրյուս Ուիլիսի հետ։ Այս ամուսնությունից նա ունի 3 դուստր։
2005թ.-ին նա ամուսնացել էր Քաթչերի հետ, իսկ 2011-ին նրանք բաժանվել են։
 

Քաթչերի հետ բաժանումից հետո դերասանուհու ամեն քայլը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, սակայն  նա շարունակում է գլուխը վեր քայլել կարմիր գորգերի վրայով՝ ժպտալով բոլորին ու տեսախցիկներին՝ «Ես իսկական մարտիկ եմ» ասելով։