Մահացել է ՌԴ հեռուստահաղորդավար և դերասան Իլյա Օլեյնիկովը
Սանկտ Պետերբուրգում, 65 տարեկանում կյանքից հեռացել է դերասան և հեռուստահաղորդավար Իլյա Օլեյնիկովը, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
«Օլեյնիկովը մահացել է այսօր, Պետերբուրգի հիվանդանոցում, սրտի կանգի հետևանքով»,- հայտնել է Городок ծրագրի ղեկավար Մարինա Խարկևիչը։ Ի դեպ, հենց Городок ծրագիրն է մեծ ճանաչում բերել դերասանին, որը նա ստեղծել էր դերասան Յուրի Ստոյանովի հետ 1993թ.-ին, և որը սիրված է նաև հայ հեռուստադիտողի կողմից։
Օլեյնիկովը (իսկական ազգանունը՝ Կլյավեր) ծնվել է Քիշնևում, 1947 թ.։ Նա որպես բեմական կեղծանուն վերցրել էր կնոջ ազգանունը, երբ Ռոման Կազակովի հետ սկսեց դուետով հանդես գալ։
Նա նկարահանվել է նաև ֆիլմերում, այդ թվում՝ Վլադիմիր Բորտկոյի «Վարպետն ու Մարգարիտան»։
Դերասանի որդին՝ երգիչ Դենիս Կլյավերը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել է, որ վերջին ժամանակներում իր հայրը ծանր հիվանդ էր, և սիրտը չի դիմացել։










