Դեյր Զորի հուշահամալիրը կվերանորոգվի. Արամ Ա կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը տեղեկացրել է, որ Սիրիայում ընթացող բախումների հետևանքով վնասներ կրած Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին և Ցեղասպանության հուշահամալիրը վերակառուցվելու է։
Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վեհափառը, լսելով Դեյր Զորի հուշահամալիրի՝ ռմբակոծության հետևանքով լուրջ վնասներ կրելու մասին, անմիջապես կապ է հաստատել Հալեպի ազգային առաջնորդարանի հետ և ճշտել վնասի չափերը։
Հստակ է, որ հուշահամալիրը որևէ ձևով կողոպուտի կամ ռմբակոծության թիրախ չի դարձել։ Դրա կրած վնասներն առաջացել են մոտակայքում ընկած ռումբերի պայթյունների հետևանքով։
Վեհափառը տեղեկացրել է, որ Դեյր Զորի հուշահամալիրը վերականգնվելու է, երբ անվտանգությունը վերահաստատվի։










