ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպմանը նախագահական թեկնածուների հարց ընդհանրապես չի քննարկվել. Արմեն Մարտիրոսյան
«Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև այսօր կայացած հանդիպմանը նախագահական թեկնածուների հարց ընդհանրապես չի քննարկվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«ԲՀԿ-ի կողմից ներկայացվեց իրենց օրակարգային հարցերը, լսեցինք իրենց մոտեցումները, ներկայցրինք «Ժառանգության» որոշ դիրքորոշումներ տարբեր հարցերի հետ կապված: Մասնավորապես, իրենք ներկայացրին իրենց դիրքորոշումը խորհրդարանական համակարգի, 100% համամասնական ընտրակարգի անցման վերաբերյալ: Մենք ներկայացրինք «Ժառանգության» դիրքորոշումը ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների հետ վերաբերյալ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք հանդիպումները շարունակական են լինելու, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ հանդիպման արդյունքները պետք է ներկայացվի կուսակցության վարչությանը, որից հետո պարզ կլինի հետագա զարգացումը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում: Հանդիպմանը «Ժառանգությունից» ներկա են եղել Արմեն Մարտիրոսյանն ու մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը:










