Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ Բեյրութում
Նոյեմբերի 9-ին Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցու լեփ-լեցուն սրահում տեղի է ունեցել դիրիժոր Հարութ Ֆազլյանի ղեկավարած Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ: Համերգն անց է կացվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հոտ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։
Համերգին, որի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի և Ֆերենց Լիստի ստեղծագործությունները, ներկա են եղել պետական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների և հայ համայնքի ազգային կառույցների ներկայացուցիչներ, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը և Հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը:
Բացման խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարևորել է 100 համերգների ծրագրի շրջանակներում 21-րդ համերգի անցկացումը Լիբանանում, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնել համերգի աջակիցներին և հովանավորներին, մասնավորապես` Լիբանանի մշակույթի նախարարին, ֆիլարմոնիկ նվագախմբին և «Փյունիկ» համահայկական հիմնադրամին:
Իր խոսքում Լիբանանի մշակույթի նախարարի խորհրդական Միշել Շադարևյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին` նշելով, որ համերգը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայ ժողովրդի ցավը չէ, այլ համամարդկային խնդիր է: Նա հույս է հայտնել, որ պատմական արդարությունը կվերականգնվի, և ողջ աշխարհը, հետևելով Լիբանանի խորհրդարանի օրինակին, կճանաչի Հայոց ցեղասպանությունը:










