Լոս Անջելեսում երկուշաբթին բուսակերական օր է հայտարարվել
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի քաղխորհուրդը ամերիկացիներին ուղերձ է հղել, որով նրանց կոչ է անում հրաժարվել մսի օգտագործումից երկուշաբթի օրերին՝ այդ կապակցությամբ երկուշաբթին բուսակերական օր հայտարարելով, հաղորդում է АН-online-ը` հղում կատարելով Fox News-ին:
Այդկերպ Լոս Անջելեսը մտել է մսի օգտագործման կրճատմամբ աշխարհում մարդու առողջության պահպանման և էկոլոգիական իրավիճակի բարելավման համար գլոբալ արշավի մեջ:
Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավում ճարպակալմամբ տառապող մարդկանց թվով: Բժիշկների տվյալներով, մսի օգտագործումից նույնիսկ ժամանակավոր հրաժարումը կարող է բարելավել մարդու առողջական վիճակը և նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները 19%-ով:
Ակցիան կամավոր բնույթ է կրում, սակայն քաղաքային իշխանությունները հույս են հայտնել, որ նման որոշումը սկիզբ կդնի մի ավանդույթի, որով մարդիկ շաբաթական նվազագույնը մեկ օր կհրաժարվեն մսից:










