Ջասթին Բիբերը 3-րդ անգամ դարձել է MTV-ի մրցանակակիր. Լեդի Գագան և Ռիհանան մնացել են ձեռնունայն (լուսանկարներ, տեսանյութ)
Երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերը 3-րդ անգամ դարձել է MTV Europe Music Awards ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն կատարող» անվանակարգի հաղթող, հայտնում է Life News-ը։
MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունն անցկացվել է նոյեմբերի 11-ին, գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։
Բիբերը մրցանակների է արժանացել նաև «Լավագույն փոփ կատարող» և «World Stage նախագծի շրջանակում լավագույն ելույթ» անվանակարգերում։
Սակայն դեռահասների սիրելին միջոցառմանը ներկա չի գտնվել։
«Լավագույն երգչուհի» է դարձել Թեյլոր Սվիֆթը։ Հինգ անվանակարգերում ներկայացված 22-ամյա Սվիֆթը, բացի «Լավագույն երգչուհի» անվանակարգից, հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն արտաքին» և «Լավագույն կենդանի կատարում» անվանակարգերում։

Այդպիսով՝ նա առաջ է անցել իր գլխավոր մրցակից երգչուհի Ռիհանայից, ով մրցանակաբաշխության ժամանակ չի արժանացել ոչ մի պարգևի։
«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Gangnam Style-ը: Հիթի կատարող՝ հարավկորեացի ռեփեր PSY-ի տեսահոլովակը հայտնվել է Գինեսի Ռեկորդների գրքում՝ որպես YouTube կայքի պատմության ընթացքում ամենաշատ հավանության արժանացած տեսահոլովակ։

Լավագույն երգ է համարվել կանադացի երգչուհի Քարլի Ռեյ Ջեփսենի Call Me Maybe երգը։
Բրիտանական One direction խմբի երաժիշտները մրցանակներ են ստացել «Լավագույն երկրպագուների աջակցություն» և «Լավագույն նոր կատարող» անվանակարգերում, իսկ լավագույն ռոք խումբ է համարվել Linkin Park-ը:
Այնպիսի կատարողներ, ինչպիսիք են՝ Լեդի Գագան, Ռիհանան, Քեթի Փերին, Սնուփ Դոգը, Jay-Z-ն և Դիմա Բիլանը, ոչինչ չեն ստացել։
Փոփ երաժշտության զարգացման մեջ ավանդի համար հետմահու պարգևատրվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։










