Օլանդը Սարգսյանին վերահաստատել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունումը (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համատեղ մամուլի ասուլիս են տվել Ելիսեյան պալատի բակում, որի ընթացքում երկու առաջնորդները ողջունել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունը: Այս մասին հայտնում է փարիզաբնակ լրագրող Ժան Էքյանը:
Ասուլիսին հաջորդել է ճաշկերույթ, որին հրավիրված են եղել նաև շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Ճաշկերույթին Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքն ընդունվելու է:
Նա ընդգծել է իրավական հաստատունության ապահովման անհրաժեշտությունը՝ Սահմանադրական խորհրդի արգելափակումից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:










