Անկարան և արաբական 6 երկրներ սիրիական միավորված ընդդիմությունը որպես ժողովրդի օրինական ներկայացուցիչ են ճանաչել (տեսանյութ)
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ 6 երկրներ Սիրիայի Ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ճանաչել են որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով AFP-ին:
Նախօրեին սիրիական ընդդիմության տարբեր միավորումների ներկայացուցիչներ պայմանավորվել էին ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ստեղծման վերաբերյալ, որը պետք է ներկայացնի Բաշար Ասադի բոլոր հակառակորդների շահերը:
Փաստաթուղթը ստորագրել էր այդ թվում և Սիրիական ազգային խորհուրդը, որը նախկինում սիրիական ընդդիմության գլխավոր ներկայացուցիչն էր համարվում:
Թուրքիան ողջունում է սիրիական Ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ստեղծումը, այս մասին էլ ասվում է թուրքական ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում, Անկարան ողջունում է սիրիական ընդդիմության նոր միավորման ստեղծումը, և կարծում, որ «այդ կարևոր քայլը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել ջանքերին, որոնք ուղղված են Սիրիայում ժողովրդավարական անցում իրականացնելու գործընթացի ավարտին, ժողովրդի օրինական սպասումների լույսի ներքո»:
«Այս շրջանակներում միջազգային հանրության պարտականությունն է իրականացնել պարտավորությունները, որոնք տրվել են ընդդիմությանը որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցչի` համերաշխության, աջակցության և օգնության մասով»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:










