Քաղաքապետարանում քննարկվել են ձմեռային նախապատրաստությանը, վերելակային տնտեսությանը վերաբերող և այլ հարցեր

16:24 • 12.11.12

Այսօր քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է մոտ 100 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

 

Հանձնարարվել է ուսումնասիրել 16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման հետ կապված խնդիրները և ներկայացնել նախնական նախահաշիվ՝ ֆինանսական գնահատականով:


Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին` հանձնարարվել է աշնանային տերևաթափի մաքրման աշխատանքներն իրականացնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ներառելով նաև բակային տարածքները: Հանձնարարվել է նաև հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմին համապատասխան աշխատանքներում ներգրավել նաև տնտեսվարողներին:


Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները:


Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել վերելակների նորոգման ու սպասարկման համար հատկացվող գումարների նպատակային օգտագործումը:

 

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտն ու ձևավորումը: Նոյեմբերի 17-ին հայտարարված համաքաղաքային աշնանային ծառատունկի մասով զեկուցվել է, որ ներկրվել են համապատասխան քանակության տնկիներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:

 

Հանձնարարվել է Երևան քաղաքում ստորգետնյա հաղորդուղիների մասով քանդման-վերականգնման և այլ աշխատանքների իրականացման վերաբերյալ եզրակացությունը տրամադրել միայն տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո: Հանձնարարվել է նաև սահմանել հսկողություն նախկինում տրված տեխնիկական պայմանների նկատմամբ:
2013թ-ի բյուջեի ձևավորման նպատակով հանձնարարվել է քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների պատասպանատուների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություններ:

 

Զեկուցվել է, որ արդեն ընթացքի մեջ են նաև մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ աշխատանքները: Առաջարկություններ են մշակվում ձևավորման որոշակի չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ: